Մաթևոսյանը ստացել է 15 մլն դրամ աշխատավարձ, կնոջ աշխատավարձը տարեկան կազմել է 700.000 դրամ, կանխիկ ունի 30.000 դոլար և 4000 եվրո․ 29–ամյա փոխվարչապետի ու նրա տիկնոջ ունեցվածքը. tert.am
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25–ին մեկնել է արձակուրդ, վարչապետի լիազորությունները դրվել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի վրա։ Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացավ, թե 2021 թվականի ունեցվածքի վերաբերյալ ինչ հայտարարագիր են ներկայացրել Համբաձում Մաթևոսյանը և նրա տիկինը։
29–ամյա փոխվարչապետը Երևանի Կենտրոն վարչական շրջանում բնակարանի ½ բաժնային սեփականատեր է, բնակարանը գնվել է 2017–ին։
Բանկային հաշվին ունի 7 մլն դրամ, կանխիկ հայտարարագրել է 20.000 դոլար և 5 մլն դրամ։
Քանի որ մինչ փոխվարչապետի պաշտոնին նշանակվելը Մաթևոսյանը Արմավիրի մարզպետն էր, մարզպետարանից վարձատրվել է 12 մլն 780.000 դրամ, Կառավարությունից՝ 2 մլն 710.000 դրամ, այսինքն, տարեկան վարձատրությունը կազմել է 15 մլն 490.000 դրամ։
Համբարձում Մաթևոսյանի տիկինը՝ Անի Բունիաթյանը, Կենտրոնի՝ 2017–ին ձեռք բերած բնականաի բաժնային մյուս սեփականատերն է, բանկային հաշվին հայտարարագրել է 50 000 հզր դրամ, կանխիկ հայտարարագրել է 30.500 դոլար, 4000 եվրո, ծագման աղբյուրը հանրայնացված չէ։
Չնայած հայտարարագրած գումարին, տարեկան վարձատրությունն ընդամենը 700.000 դրամ է․ նա «Լուսիտեք» ՍՊԸ–ից որպես վարձատրություն ստացել է 200.000 դրամ, աշխատում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում և որպես աշխատավարձ ստացել է 500.000 դրամ։ Աշխատանքի անցել է 2021–ին, որովհետև 2020–ի տարեկան հայտարարգրում այդ մասին նշում արված չէ։
Հատկանշական է, որ առաջին հայտարարագիրը Մաթևոսյանի տիկինը ներկայարցել է 2018–ին և հենց այդ տարում նշել, որ բանկային հաշվին ունի 30.500 դոլար և 4000 եվրո։ Այդ տարվա հայտարարագրում աշխատավայր նշված չէ, գումարի ծագումը հանրայնացված չէ։