Կրակոցներ Արագածոտնի մարզում․ Ղազարավան գյուղից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, մեկը՝ կին
Այսօր՝ հուլիսի 26-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում. Ժամը 02։40-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծայրանդամների մակերեսային, կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի բնակիչ 52-ամյա Վարդուհի Հակոբյանն է։ Նույն պահին «աջ ոտնաթաթի կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ևս 1 քաղաքացի։
Տեղում ոստիկանները պարզել են, որ նա նույն գյուղի բնակիչ 28-ամյա Գոռ Հակոբյանն է։
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 3-ին «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ այտի քերծվածքներ» ախտորոշմամբ մի քաղաքացի։ Աշտարակի ոստիկանները պարզել են, որ նա նույն գյուղի բնակիչ 30-ամյա Գնել Հակոբյանն է։
Իրավապահները նաեւ պարզել են, որ ժամը 02։00-ի սահմաններում Ղազարավան գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում նույն գյուղի բնակիչ 26-ամյա Տիգրան Սարգսյանը և Աշտարակ քաղաքի բնակիչ 28-ամյա Գուրգեն Մովսիսյանը վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Գ․ Մովսիսյանը իր բարեկամին պատկանող ԻԺ-43 տեսակի 16 մմ տրամաչափի հրազենով կրակել է Տ․ Սարգսյանի ուղղությամբ, ապա հետապնդելով նրան, գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում կրկին կրակել է նրա ուղղությամբ, ինչի հետևանքով Վարդուհի, Գոռ և Գնել Հակոբյանները ստացել են հրազենային տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճներ, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ Ոստիկանները հայտնաբերել են Տ․ Սարգսյանին և նրան ներկայացրել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ Գ․ Մովսիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։