Լիարժեք պատվաստումը օգնել է Բայդենին խուսափել բարդություններից․ փորձագետներ

Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Բայդենը իրեն լավ է զգում այն բանից հետո, երբ անցած շաբաթվա վերջին նրա COVID-19-ի թեստի պատասխանը եկել էր դրական: Բայդենը ստացել է երկու պատվաստում և երկու խթանիչ, որոնք, ըստ փորձագետների, օգնել են նախագահին զերծ մնալ բարդություններից։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Անցյալ հինգշաբթի Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի 79-ամյա նախագահի կորոնավիրուսային դրական թեստի համաձայն նա ամենայն հավանականությամբ, նա հիվանդ է կորոնավիրուսի BA.5 տարատեսակով:

Ավելի ուշ դա հաստատեց նաև նախագահը, ով իր ելույթում նշեց, որ իր COVID-ի թեստը դրական է եղել։ Նա նաև տեղեկացրեց, որ երկու անգամ պատվաստվել և ստացել է կրկնակի խթանիչ չափաբաժին: Ախտանիշները մեղմ են, հայտնել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տունը Բայդենի մեղմ ախտանիշները վերագրում է նրա պատվաստված լինելուն:

«Նախագահը կրկնակի պատվաստված է, կրկնակի խթանիչ չափաբաժին է ստացել, և ստանում է բուժում, որը լայնորեն հասանելի է ամերիկացիներին: Սա իսկապես լավ նորություն է, և սա արդյունք է և՛ պատվաստանյութերի, և՛ բուժումների, որոնք հասանելի են բոլորին: Իսկապես կարևոր է, որ մարդիկ պատվաստվեն և օգտվեն այս բուժումներից, եթե վարակված են»,- ասում է Սպիտակ տան COVID-19-ի հարցով համակարգող բժիշկ Աշիշ Ջհան:

 

Տեսանյութեր

Լրահոս