Բաժիններ՝

Որքա՞ն ջուր է պետք խմել. պարզաբանում է բժիշկը

Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը ինստագրամյան իր էջում պատասխանել է բոլորիս հուզող հարցին՝ որքա՞ն ջուր է պետք խմել:

«Անհրաժեշտ ջրի քանակը կախված է տարիքից, սեռից, ֆիզիկական ակտիվությունից և այլ փոփոխականներից: Այդ իսկ պատճառով՝ ջրի անհրաժեշտ քանակը կարող է զգալիորեն տարբերվել մարդկանց մոտ»,- գրում է բժշկուհին:

«Առողջ մարդու մոտ օրական մուտքային և ելքային ջրի քանակը հավասարակշռության մեջ է: Երբ մարդը հեղուկ է կորցնում, արյան պլազմայում լուծվող նյութերը դառնում են չափազանց խիտ, սա դրդում է հատուկ ընկալիչներին, որպեսզի օրգանիզմը սկսի «խնայել» հեղուկ: Երիկամներում ջրի հակադարձ ներծծումը մեծանում է և ծարավի զգացողությունը մեծանում է: Ահա թե ինչու քիչ հեղուկի ընդունման դեպքում կարող է առաջանալ այտուց»,- նշում է Լիդիա Այվազյանը:

Կարդացեք նաև

«Ջրի օգտագործման վերաբերյալ հստակ ցուցումներ չկան: Դրանք պարզապես գոյություն չունեն, կան միայն ընդհանուր ցուցումներ հեղուկների սպառման մասին: Ինչո՞ւ է այդպես:

Մարմինը չի մտածում, թե որտեղից կարող է ջուրը ստանալ: Թեյը և նույնիսկ սուրճը ներառված են հեղուկի ընդունման ընդհանուր բալանսի մեջ: Այն բոլոր հեքիաթները, որ միայն մաքուր ջուրն է օգտակար մարմնի համար և 2 բաժակ հեղուկ պետք է խմել մի բաժակ սուրճից հետո, մնում են միայն հեքիաթներ:

Իհարկե, թեյի/սուրճի մեջ շաքարավազ ավելացնելը, կամ գազավորված ըմպելիքների օգտագործումը հեղուկ լրացնելու համար լավ տարբերակներ չեն, քանի որ դա լրացուցիչ կալորիաների ընդունում է: Հետևաբար՝ հեղուկընդունում համարում ենք առանց շաքարի և, իհարկե, առանց ալկոհոլի ըմպելիքների օգտագործումը»,- ընդգծում է բժշկուհին:
Որպես հավելում՝ բժշկուհին մեկ ցուցում ունի.

«Ըմպեք՝ առաջնորդվելով ծարավի զգացումով, ուշադրություն դարձրեք մեզի գույնին (այն չպետք է մուգ լինի): Իսկ 30 մլ/ 1կգ-ում ու նմանատիպ այլ նորմաներ կարող են լինել միայն բժշկի ցուցումներից ելնելով: Օրինակ՝ միզաքարային հիվանդության և ժառանգական նախատրամադրվածության դեպքում»:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս