Բաժիններ՝

«Դիրքի ավագը դեռ ձերբակալված է, մյուս զինվորներն էլ հարցաքննվում են»․ դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա զինվորի հորեղբայր

Շուրջ 10 օր առաջ՝ հուլիսի 14-ին, Սիսիանի զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։

Զոհված զինծառայողների հարազատները պնդում են՝ կատարվածը ինքնասպանություն չէ։ Հուլիսի 18-ին՝ Արսեն Մանուկյանի հոգեհանգստի արարողության օրը, Քննչական կոմիտեն հայտնեց, որ պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է նրա համածառայակիցը։

168.am-ն այսօր կապ հաստատեց մահացած Արսեն Մանուկյանի հորեղբոր՝ Էդիկ Մանուկյանի հետ, հետաքրքրվեցինք, թե ողբերգական դեպքի առնչությամբ արդյոք նոր մանրամասներ իրենց հայտնի դարձե՞լ են, Քննչական կոմիտեից որևէ պատասխան տվե՞լ են ծնողներին։

«Ոչ մի բան դեռ չեն փոխանցել։ Դիրքի ավագը դեռ ձերբակալված է, մյուս զինվորներն էլ հարցաքննվում են։ Դիրքում 8 զինվոր է եղել և դիրքի ավագը, ընդհանուր 9 հոգի։ Ընդհանրապես յուրաքանչյուր դիրքում հերթափոխով 2 հոգի են լինում, ինչի՞ց ելնելով պետք է դիտորդը 20 մետր հեռու լինի, դեռ մութ է ինձ համար․․․

Կարդացեք նաև

Հինգշաբթի օրը խաբարն եկավ, որ երեխուն խփել են, բայց հետո պարզվեց՝ երեխուն գտել են։ Խի էդ պոստում մարդ չի՞ եղել, սմենափոխություն չի՞ եղել, գրել են՝ հայտնաբերվել է դին, էդ քանի՞ օր է երեխեն մահացած վիճակում եղել, որ հայտնաբերել են, ես դեռ էդ հարցը պետք է տամ, որովհետև դիրքի ավագն ամեն 2 ժամը մեկ գնում է սմենափոխության․․․»,- ասաց զինծառայողի հորեղբայրը։

Դիտարկմանը՝ գուցե ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հենց դրա՞ մասին է, այսինքն՝ 2 ժամվա ընթացքում է դեպքը տեղի ունեցել, և դիրքի ավագը հերթափոխի ժամանակ է մահացած վիճակում հայտնաբերել Արսենին, Էդիկ Մանուկյանը բացառեց․

«Ո՛չ։ Երեխուն որ երկուշաբթի մորգից բերեցինք տուն, գիշերն արդեն քայքայում սկսվեց։ Գիշերվա հազարին Մարտունուց դիահերձող եմ ճարել, եկել նորից գրիմ են արել երեխուն․․․ Իմ կարծիքով՝ մահն ավելի շուտ է եղել, ոչ թե հայտարարության օրը, դա դատաբժշկական փորձաքննության արդյունքները ցույց կտա»։

Մեր հաջորդ հարցին, թե մահացած Արսենի մոտ՝ հագուստի գրպանում կամ հեռախոսի մեջ, որևէ բան չի՞ հայտնաբերվել, ասենք, ինչ-որ նամակ, գրություն, հորեղբայրը պատասխանեց, որ երեխայի դին Սիսիանից արդեն ամբողջովին մերկ են ուղարկել Հայաստան, անգամ տեղեկություն չունեն, թե նրա համազգեստն ինչ են արել՝ փոխանցվե՞լ է քննչական մարմիններին, թե՞ ոչ․

«Երեխու դին Սիսիանից տեղափոխել են Երևան, խի՞ պետք է մերկ լիներ։ Մենք Երևանի մորգում երեխուն բացել ենք, հագուստ չկար, տկլոր էր․․․»։

Արդյոք մարմնի վրա բռնության հետքեր նկատե՞լ եք, հարցրեցինք մահացած զինծառայողի հորեղբորը․

«Ո՛չ, ոչ մի բռնի հետք չկար, կապտուկներ և այլն գոյություն չուներ, միայն հրազենային վնասվածք։ Ես շառի հետևից չեմ ընկնում, ինչն իրական է, այն կարող եմ ասել»։

Մահացած զինծառայողի հորեղբայրը դժգոհեց այսօր տարբեր զորամասերում տիրող իրավիճակից, ասաց՝ քրեաենթամշակութային բարքեր են տիրում, չբացառելով, որ այս դեպքը ևս դրա հետևանքն է․

«Համարյա ոչ մի զորամասում հրամանատարությունն իրենց զինվորներից տեղեկություն չունեն, թողել են յախշիների հայեցողության տակ, «լավ տղերք»-ի, խուլիգանների, սրիկաների հայեցողության տակ․․․»։

Էդիկ Մանուկյանը նաև ասաց, որ բացի Արսենի զինվորական գրքույկից, հարազատներին որևէ այլ անձնական իր չեն փոխանցել․

«Էդ երեխեն ծոցատետր ուներ, բայց չկա, էդ երեխուն բանկային քարտեր էին տվել՝ դրանք ո՞ւր են։ Տարբեր քարտերի վրա ծնողները գումարներ են փոխանցել, տատը՝ իր հերթին, ախպերը՝ իր հերթին, մերը՝ իր հերթին, այդ բոլոր կտրոնները բանկոմատների հանձնել ենք զինվորական ոստիկանություն։ Զինգրքույկը ևս զինվորական ոստիկանությունում է․․․

Էլի եմ ասում, եթե մինչև երկուշաբթի Քննչականից պատասխան չեղավ, գնալու եմ զորամաս, տեսնեմ՝ ի՞նչ պատասխան են տալու։ Ես չեմ թողնի, որ սա էսպես մնա»։

Տեսանյութեր

Լրահոս