Հայաստանի սիրիականացման վտանգի լրջագույն սպառնալիք կա. Շավարշ Քոչարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն է:
Նա ուրվագծել է Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգները և դրանից դուրս գալու ուղիները, ինչպես նաև արտաքին ուժերի նպատակներն ու դերակատարումը տարածաշրջանում:

• Արցախը և Հայաստանը վտանգավոր վիճակում են, պետք է գտնել փրկելու ուղիներ, և ոչ թե՝ փրկիչ փնտրել:

• 2018-ի հեղափոխությունից հետո գործող իշխանությունների կողմից ձևավորվեց ոստիկանական և ավտորիտար պետություն:

Ծրագիրը պարզ է՝ Հայաստանում ստեղծել հենակետեր, ճանապարհները մասնատել, վերադարձնել փախստականներին իրենց նախկին բնակավայրեր, այդ թվում՝ նաև Հայաստան: Արդյունքում՝ Հայաստանից կարող է մնալ թուրքական մի փոքր վիլայեթ:

• Արցախի հարցում Ադրբեջանի նպատակն է՝ հայաթափել Արցախը:

• Մինչև 2020 թվականի պատերազմն Արցախը ոչ թե անվտանգության սպառող, այլ մատակարարող էր՝ ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանին:

• Արցախն իր գոյությամբ կայունացնում էր մեր անվտանգությունը, հենց թուլացավ՝ ռիսկերն ի հայտ եկան:

• Երկրում իշխանությունը վերցնելու համար պետք է երկիշխանություն ձևավորվի, իսկ դրա համար պետք է ինքնակազմակերպվել և աշխատել:
Երկրում իրավիճակը հնարավոր է փրկել ինքնակազմակերպվելու միջոցով, կազմակերպիչներ և ոչ թե՝ փրկիչներ են մեզ հիմա պետք:

• Եթե ուզում ես ծառը չորացնել՝ արմատները սղոցիր. հիմա հենց Հայաստանում արտաքին ուժերը և գործող իշխանությունները դա են անում:

• Հայաստանում Առաջին նախագահի օրոք ստեղծվեց ավտորիտար պետություն, Երկրորդ և Երրորդ նախագահները մի կողմից՝ վայելեցին ստեղծված համակարգը, մյուս կողմից՝ այդուամենայնիվ, համակարգը փոխելու քայլեր կատարեցին:

Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ էր դրել կառուցել ավտորիտար պետություն. թե Տեր-Պետրոսյանի, և թե այս իշխանությունների օրոք արտաքին քաղաքական վեկտորն Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելն է:

• Ժողովրդի մեջ սերմանում էին կոռուպցիայի ընկալման այն մակարդակը, որն ավելի բարձր էր, քան իրականության մեջ գոյություն ունեցող կոռուպցիան:

• Ժողովրդի դժգոհությունըմինչ 2018-ի իրադարձություններնակնհայտ էր, բայց կային նաև այդ դժգոհությունը խորացնող, գեներացնող ուժեր, ստեղծվել էր ատելության մթնոլորտ. ժողովրդի մի հատված կար, որ պատրաստ էր ամեն ինչի, միայն թե՝ ընդդեմ իշխանությունների:

2018-ի հեղափոխության համար եղել է ոչ միայն ստանդարտ մշակված մեխանիզմ, այլ նաև ուղղորդողներ, ժողովրդի դժգոհությունը գեներացնողներ. կար պարարտ հող, մնում էր ծրագիրը քայլ առ քայլ իրականացնել:

• Ուկրաինական հարցում Արևմուտքը համախմբված է, մեր տարածաշրջանում Արևմուտքն իր դերակատարությունը վերապահել է Թուրքիային, իսկ Թուրքիան առաջնորդվում է իր շահերով. Թուրքիան, իհարկե, ՆԱՏՕ է, բայց որոշ դեպքերում ինքնուրույն է խաղում: Չկա Հայաստանի և Հայաստանի քաղաքացու շահ. Արևմուտքը միշտ ձգտել է Հայաստանը կտրել Ռուսաստանից:

• Թուրքիայի և Ռուսաստանի միջև մրցակցային համագործակցության փայլուն օրինակ է:

• Անկախության անցած տարիները բացթողնված հնարավորությունների տարիներ էին, մենք չկարողացանք ստեղծել հզոր պետություն:

Այսօրվա իշխանությունների հայտարարություններում, քայլերում բացակայում է բարոյականությունը, պետականությունը, մասնագիտականը, ազգայինը, արդյունքում ստեղծվել է բարոյականության, պետականության, մասնագիտական և համազգային ճգնաժամ, ուղիներ են պետք դրանցից ձերբազատվելու համար:

• 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ազդակ էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երեք պետությունների համար:

• Շարժման սկզբից, երբ խնդրի լուծման հիմքում ինքնորոշումն էր դրված, Ադրբեջանը երեք անգամ դիմեց բռնի ուժի կիրառման, ագրեսիայի՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, 2016-ի քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմների ժամանակ: Սա Ադրբեջանի պատասխանն էր Արցախի ինքնորոշմանը:

Նիկոլ Փաշինյանն Արցախի ինքնորոշումից հետ կանգնեց, երբ հայտարարեց, թե պետք է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար. սա ինքնորոշման տիպիկ լղոզում էր: Սրանով Փաշինյաննագրեսորի պիտակից մաքրեց Ալիևին միջազգային հարթակներում:

• Փաշինյանն իր հայտարարություններում հրաժարվելով Արցախի Հանրապետություն, ինքնորոշում արտահայտություններից, արդեն իսկ հրաժարվում էր բուն ինքնորոշումից:

• Հայտնի խոսք է՝ հայերի թիվ մեկ թշնամին հենց հայերն են: Հայերի դեմ պետք չի կռվել, ասում են՝ նրանց պետք է մասնատել ու իրար հետ կռվացնել:

Սեղանի վրա դրված է փաթեթ, որի մեջ ներառված են՝ խաղաղության պայմանագիրը, սահմանազատում-սահմանագծումը, տրանսպորտային ապաշրջափակումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Գոյություն ունեն տարբեր խաղացողներ՝ տարաբնույթ շահերով. Հայաստանի շահերն իսպառ բացակայում են:

• Գործող իշխանություններն իրենց արտաքին քաղաքականությամբ այնպիսի վիճակում են հայտնվել, որ իրենց հետ ոչ ոք հաշվի չի նստում, մենք դարձել ենք մանրադրամ:

• Մեր տարածաշրջանում իրենց շահերն ունեն ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև Հնդկաստանը, Պակիստանը, Չինաստանը: Հայաստանի գործող իշխանությունները Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի դեմ հետևողական քայլեր են արել:

• Չինաստանն ունի բարեկամ երկրների ցուցակ, մենք այդ ցուցակում էինք, բայց երբ 2019 թվականին միացանք կրոնական փոքրամասնությունների ալյանսին, որը ձևավորել էր ԱՄՆ-ը, ցուցակից դուրս թռանք: Ինչո՞ւ դա արվեց:

• Վերջին շրջանում տարբեր երկրների անվտանգության համակարգերի բարձրաստիճան պաշտոնյաների կատարած այցերը Հայաստան թույլ են տալիս ենթադրել, որ քննարկումները քաղաքական և ոչ թե՝ անվտանգային թեմաների շուրջ էին:

• Հայաստանի սիրիականացման վտանգի լրջագույն սպառնալիք կա։

Տեսանյութեր

Լրահոս