Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը
Հայաստանում և Արցախում հուլիսի 25-29-ը կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում փառատոնի մամուլի քարտուղար Կարինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ մեկնարկը տրվելու է Երևանում, այն անցկացվելու է նաև Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, ինչպես նաև Արցախում:
«Փառատոնի հիմնական նպատակներից է շարունակել ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը և միջոցառումները Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ, հնարավորինս շատ ներգրավվելով և մասնակից դարձնելով մարզաբնակ հանրությանը»,-ասաց Կարինե Գրիգորյանը:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, պրեմիերաներ և հատուկ ցուցադրություններ Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում և Արցախում՝ առավելագույնս ներգրավելով և մասնակից դարձնելով երեխաներին ու երիտասարդներին:
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի խոսքով՝ սպասվում է հետաքրքիր և բովանդակալից փառատոնային ծրագիր: Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 75 ֆիլմ՝ 28 երկրից, այդ թվում 2004-2021թթ. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին մասնակցած լավագույն մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կկայանա բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր «Ուղղիր թևերդ» ֆիլմի ցուցադրությունը: Փառատոնի ծրագրում նաև ընդգրկված է 2017թ. օսկարակիր` «Երգիր» ֆիլմը:
«Երևանում և մարզերում կիրականացվի «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի համայնապատկեր» հատուկ ծրագիրը՝ 8 ֆիլմով: Այս տարի ևս շարունակվում է «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ: Փառատոնի ծրագրում ընդգրկված են ֆրանսիական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր երեխաների և պատանիների համար: Մեր նպատակն է որակյալ ֆիլմերը հասանելի դարձնել երեխաներին: Մեր աշխատանքներում առանցքային դեր ունի կրթական բաղադրիչը: Վերջին տարիներին մենք խնդիր ենք դրել հնարավորինս շատ մարզային քաղաքներում լինել ու մարդկանց հաղորդակից դարձնել մշակութային կյանքին»,-ասաց Նունե Մանուկյանը:
Ծրագրում նաև ընդգրկված են աշխարհահռչակ ռեժիսոր, մուլտիպլիկատոր, Կաննի «Ոսկե Արմավենի», «Նիկա» և մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Գ. Բարդինի լավագույն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները՝ «Բոլերո», «Լսելով Բեթհովենին», «Երեք մեղեդի», «Անճոռնի ճուտիկը», «Ադաջիո», «Կոնֆլիկտ» , «Թռչող նավը»:
Այս տարվա հատուկ ցուցադրություններից է «Երալաշ» հայտնի մանկական հումորային կինոամսագրի լավագույն ֆիլմերի հավաքածուն:
Փառատոնին մուտքը ազատ է: Ցանկացողները կարող են ծրագրին ծանոթանալ փառատոնի «Ֆեյսբուք»-ի էջում: