
Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Հունիսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի, Հունաստանի հետ առկա խնդիրների, Կիպրոսի հիմնախդրի, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիստի ավարտին ընդունված հայտարարության մեջ Հունաստանը մեղադրվել է «սադրիչ գործողություններ իրականացնելու և Թուրքիայի ջրային ու օդային սահմանները խախտելու մեջ»:
Կիպրոսի խնդրի հարցում էլ ևս մեկ անգամ աջակցություն է հայտնվել Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությանն ու նշվել, որ Թուրքիան աջակցում է հարցի՝ 2 առանձին պետությունների տարբերակով լուծմանը:
Ռուս-ուկրաինական հակամարտության հարցում էլ կողմերին հրադադրի կոչ է արվել և նշվել, որ Անկարան շարունակում է ջանքերը հակամարտության դադարեցման և հնարավոր պարենային ճգնաժամը կանխելու ուղղությամբ: