«Մի քանի հարց ՀՀ ԱԳՆ-ին». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ ԱԳՆ ղեկավարությու´ն, թեկուզև դուք համարվում եք դավաճան ու հողատու իշխանությունների անբաժանելի մասը, այնուամենայնիվ պատասխանեք հետևյալ կարևորագույն հարցերին:

Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուն երեկ TRT պետական հեռուստաընկերության հետ հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական «հարաբերություններին» անելով հետևյալ հայտարարությունները:

1. «Թուրքիան որպես մեծ պետություն ավելի շատ ժեստեր է անում ( ի նկատի ունին Հայաստանին) և դա բնական է»:

Հարց: Ի՞նչ ժեստեր է արել Թուրքիան ձեզ կամ ՀՀ-ին այս ընթացքում: Բացի ձեր կողմից 2018թ. իշխանազավթմանն աջակցելուն և Արցախի դեմ 2020թ. սանձազերծած պատերազմում ծայրահեղական ջիհադիստներ ու Bayraktar tb 2 ուղարկելուց, ուրիշ ի՞նչ «ժեստերի» մասին է խոսքը գնում:

2. Չավուշօղլուն անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցություններին՝ ասել է, որ դրանց ընթացքում համաձայնեցվել են Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ու «Զանգեզուրի նախագծի» հետ կապված հարցեր: Բացի այդ` կարևոր է համարել նաև Միջին միջանցքը:

Հարց. ի՞նչ եք հսմաձայնեցրել Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ համաձայնագրում, ինչու՞ է Թուրքիայի ԱԳՆ-ն ձեր անունից ասում, որ համաձայնեցրել եք «Զանգեզուրի միջանցքը» և վերջապես ի՞նչ է նշանակում Միջին միջանցք: Արդյո՞ք դա այլ միջանցք է, թե՞ թուրքերը որոշել են ձեզ նոր փաստի առաջ կանգնեցնել:

3. Թուրք նախարարը խոսել է Հայաստանից ակնկալվող քայլերի մասին` ասելով. «Մինչև այս պահը ուղերձներ ու հայտարարություններ կան, ճիշտ է ճնշում էլ կա՝ դրսից Սփյուռքը, ներսից՝ ֆանատիկ խմբերը: Սակայն ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, Հայաստանի կողմից այդ կոնկրետ քայլերը դեռևս չենք տեսել՝ ներառյալ Զանգեզուրի նախագիծը, մյուս նախագծերի կամ համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում»:

Հարց. ովքե՞ր են Հայաստանում այն «ֆանատիկ» խմբերը, որ խանգարում են ձեզ կատարել թուրքերի պահանջները: Եթե հասկացել եք, որ թուրքերը վատ բաներ են առաջակում, ապա ինչու՞ եք թուրքերին բողոքել, որ այդ ֆանատիկները չեն թողնում ձեզ կործանել Հայաստանը և ի՞նչու եք վախեցել ինքներդ մերժել թուրքերին: Ինչու՞ եք դրսում վախից թաքնվում ընդդիմության և Սփյուռքի թիկունքում, իսկ Հայաստանում ոստիկաններին ստիպում եք բիրտ ուժով ճնշել ու կալանավորել նրանց: Ընդունու՞մ եք այն հանգամանքը, որ ըստ Չավուշօղլուի` ՀՀ ոստիկանությունը փաստացի գործել է Թուրքիայի շահերի օգտին: Բացի այդ, ի՞նչ է ի նկատի ունեցել Չավուշօղլուն` ասելով, որ կան նաև ՀՀ-ից ակնկալվող «մյուս նախագծեր»:

4. Չավուշօղլուն շեշտել է հայ-թուրքական գործընթացում Ադրբեջանի կարևորությունը և նրանց համաձայնությունը՝ ընդգծելով, որ «դա իրողություն է՝ անկախ նրանից թե հայաստանցիների դուրը գալիս է, թե՝ ոչ»:

Հարց. հասկացե՞լ եք վերջապես, որ ձեր դավաճանական քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է թուրք-ադրբեջանական ծուղակում: Ընդունու՞մ եք այն փաստը, որ եթե չլինի ՌԴ և Իրանի համատեղ շահերը` դուք Սյունիքը հանձնում էիք թուրքերին:

5. Թուրքիայի արտգործնախարարն իր հարցազրույցը եզրափակել է հետևյալով. «կոնկրետ քայլերի ենք սպասում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կայունություն և խաղաղություն են ցանկանում:

Հայաստանն էլ պետք է ցույց տա, որ ինքն էլ է դա ցանկանում»:

Հարց. պարզ է, որ Հայաստանը ևս խաղաղության ու կայունության կողմնակից է և նշանակու՞մ է դա արդյոք, որ ձեր կապիտուլյանտ իշխանությունները կատարելու են Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները:

Եվ վերջապես գիտակցու՞մ եք արդյոք, թե ի՞նչ մակարդակի ողբերգություն եք բերել հայ ժողովրդի համար: Հասկանու՞մ եք, որ չորս տարվա ընթացքում ստեղծում եք արդեն երկրորդ պատերազմի նախադրյալները, որից խուսափելը միայն արտաքին քաղաքական հրաշքը կաևող է լինել:

Հեռացե՜ք, մեղք է մեր տուժված ժողովուրդը»:

Տեսանյութեր

Լրահոս