Սփյուռքի հայկական կրթօջախների մանկավարժների վերապատրաստումն իրականացվելու է առկա և հեռավար ձևաչափերով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական դպրոցների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը կանցկացվի համակցված (առկա և հեռավար) ձևաչափերով:
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդող մանկավարժները:
Վերապատրաստումն ընթանալու է հետևյալ ուսումնական ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ.
ուսուցում մանկապարտեզում,
ուսուցում մեկօրյա դպրոցում,
հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում,
Հայոց լեզվի և գրականության դասավանդում,
Հայ մշակույթի պատմություն և արվեստ,
Հայոց պատմություն,
տնօրենների վերապատրաստում:
Առկա ձևաչափով վերապատրաստման փուլը կանցկացվի օգոստոսի 1-15-ը. այն նախատեսված է միայն «Մշակույթի պատմություն, արվեստ» խմբի մասնակից մանկավարժների համար: Հեռավար ձևաչափով վերապատրաստումը կանցկացվի 2022 թ. օգոստոս 1-31-ն ընկած ժամանակահատվածում:
Հայաստանում վերապատրաստվող ուսուցիչների կեցության, սննդի, դասընթացների ծախսերը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները):
Դասընթացներն ավարտած ուսուցիչները կստանան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր: