Արկադի Դումիկյան. Մանկությունից մինչև ամենապահանջված աստղը
Քչերը գիտեն՝ նախքան այս մեծ հաջողությունը որքան բարդ մանկություն է ունեցել Արկադի Դումիկյանը: Երգիչ Արկադի Դումիկյանը վերջին տարիներին հայ ամենապահանջված արտիստներից մեկն է։ Նրա երգերը հաշված օրերի ընթացքում սիրված հիթեր են դառնում, որոնք հնչում են ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։
Թերևս, այս շրջանում ամենուր հնչում է նրա «Սարերով ձորերով» երգը, որն արդեն 8.5 միլիոն դիտում ունի։ Երգի մասսայականությունն աննախադեպ է․ նման հաջողություն տեսահոլովակը գրանցել է ընդամենը 2 ամսում։
Նշենք, որ Արկադի Դումիկյանը սկսել է իր աստղային ճանապարհը 2015 թ.- ին, և մինչ օրս, իրավամբ համարվում է հայկական էստրադայի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Նա չի վախենում տարբեր ժանրերային փորձարկումներից, նա «հիթային հոտառություն» ունի, և դրա գնահատականը` իրեն լսողների մեծագույն սերն է։
Հավելենք, որ երգիչը հազվադեպ է հարցազրույցներ տալիս, որպես կանոն, նա մերժում է դրանք՝ նախընտրելով լսարանի հետ կապ պահպանել իր երգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի էջերի շնորհիվ, որոնցում բավական ակտիվ է։
Արկադին որքան անկեղծ է երաժշտության մեջ, այնքան էլ՝ հազվադեպ տրվող հարցազրույցներում։ Բացառիկ հարցազրույցներից մեկում երգիչը խոսել է այն մասին, որ բավական բարդ մանկություն է ունեցել՝ նշելով, որ ոչնչի համար չի ափսոսում:
Ըստ Արկադի Դումիկյանի՝ իր կյանքում շատ դժվար օրեր են եղել, մանկուց հարկադրված է եղել աշխատել, սակայն ինքը միշտ իրեն ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու: Երգիչը խոստովանել է, որ տարիներ առաջ գուշակն իր մայրիկին ասել է, որ իր տղան մեծ հաջողություններ է ունենալու:
Արկադիի խոսքով՝ այս կյանքում իր բոլոր հաջողությունների համար համար միայն մորն է պարտական: Նա չի ցանկացել մանրամասներ ներկայացնել իր ծանր մանկությունից, միայն ասել է, որ «Մամա» տեսահոլովակն ինքնակենսագրական է:
Դիտելով տվյալ տեսահոլովակը՝ կարող ենք ենթադրել, որ մանկուց Արկադին օգնել է մայրիկին, առաքել է նրա պատրաստած խմորեղենները, բենզալցակայանում է աշխատել, ի տարբերություն մյուս երեխաների՝ չի կարողացել բակում ժամանակ անցկացնել և երազել է թանկարժեք երաժշտական գործիքի մասին, որն էլ մայրը, ծանր աշխատանքներ կատարելով, կարողացել է գնել որդու համար: Թերևս, հենց այդ քայլն է բեկումնային է եղել արտիստի կյանքում և հիմք է դրել նրա հաջողություններին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին սիրված երգիչն առաջին անգամ մեծ մենագամերգով է գալու Հայաստանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Սպասվում են մի շարք անակնկալներ, սիրված զուգերգերի կատարում և այլն։ Թերևս, նման մասշտաբային ծրագրով երգիչը հայրենիքում հանդես չէր եկել։
Հավելենք նաև, որ նախքան այս համերգը, Արկադի Դումիկյանը մեծ մենահամերգով էր հանդես եկել Մոսկվայում։
Արմեն Համբարձումյան
Լուսանկարները՝ Արկադի Դումիկյանի ֆեյսբուքյան էջից