
Եգիպտոսում լուսանկարման և տեսանկարահանման արգելքներ են սահմանել

Եգիպտոսի իշխանությունները առաջին անգամ փողոցներում լուսանկարման և տեսանկարահանման համար կանոններ են մշակել։ «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տեղի զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունը։
Համաձայն նոր կանոնների՝ ֆոտո և տեսախցիկներով նկարահանումները պահանջում են հատուկ թույլտվություն՝ պրոֆեսիոնալ լուսային սարքավորումների օգտագործման կամ ճանապարհը փակելու դեպքում։
«Նկարահանողը լիովին պարտավորվում է չնկարահանել կամ չտարածել պատկերներ կամ տեսանյութեր, որոնք կարող են այս կամ այն ձևով վարկաբեկել Եգիպտոսը, նաև պարտավորվում է չնկարահանել երեխաներին, իսկ քաղաքացիներին՝ միայն նրանց գրավոր համաձայնությունը ստանալուց հետո»,- ըստ shantnews-ի՝ ասվում է հայտարարության մեջ։
Հստակեցվում է, որ թանգարաններում և պատմական վայրերում բջջային հեռախոսներով և անձնական տեսախցիկներով լուսանկարվելը հնարավոր է միայն առանց լուսարձակ օգտագործելու։ Իսկ լրագրողները, կինոգործիչները և այլ կոմերցիոն նկարահանողները պետք է նախնական թույլտվություն ստանան:
Վերջերս Եգիպտոս այցելած արևմտյան բլոգերները պատմել են փողոցներում և հասարակական վայրերում նկարահանումների արգելքի մասին, նրանցից առնվազն մեկից առգրավել են տեխնիկան։ Նշվում է, որ հիմնական տեսարժան վայրերը, օրինակ՝ Կահիրեի Թահրիր հրապարակը լուսանկարելու փորձը կարող է գրավել նաև ոստիկանների ուշադրությունը, որոնք երբեմն պահանջում են ջնջել նկարները հեռախոսից։