Ինչ է կատարվում Արագածավանում

168.am-ի ընթերցողները քիչ առաջ տեղեկացրեցին, որ Թալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին:

Զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` ժողովրդին կոչ անելով տներից դուրս չգալ:

Ֆեյսբուքում շատերն են այս պահին ահազանգ հնչեցնում. մենք կփորձենք պարզաբանումներ ստանալ ոստիկանությունից:

Ոստիկանությունից որևէ տեղեկություն ստանալու մեր ջանքերն ապարդյուն անցան։ Ոստիկանության պաշտոնյաները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։

Փորձեցինք այլ աղբյուրներից ևս պարզել` ինչ է տեղի ունեցել: Ըստ բնակիչներից մեկի` «Վիվառոյի» հիմնադիր Վահե և Վիգեն Բադալյան եղբայրներից մեկի հողատարածքում աշխատող և անասուններ արածեցնող հովիվները պատահաբար հատել են սահմանը, ինչի արդյունքում թուրքերի հետ իրավիճակը լարվել է:

Ոստիկանության հետ կապեր հաստատելու և պսրզաբանումներ ստանալու մեր փորձերը դեռ շարունակվում են:

Քիչ առաջ բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ առավոտից Թալին-Արագածավան խաչմերուկում ոստիկանները կանգնեցրել են բոլոր ավտոմեքենաները, ուղևորներին իջեցրել են ու մեքենաները խուզարկել:

Նշենք, որ «Հրապարակի» թղթակիցը կապ է հաստատել Թալինի համայնքապետի ԺՊ Տավրոս Սափեյանի հետ, ով տեղեկացրել է, թե հովիվները ցանկացել են լողալ Արաքս գետում, ռուսահմանապահները  նկատել են նրանց և հետ կանչել:

Ինչ վերաբերում է առևանգելուն կամ Թուրքիա տանելուն, համայնքապետը դա հերքել է:

Ոստիկանության հետ կապվել դեռ չի հաջողվում:

Մինչ պատկան մարմինները լռություն են պահպանում, Արագածավանից շարունակում են ստացվել իրարամերժ տեղեկություններ։ Պաշտոնական որևէ պարզաբանում չկա, բացի Թալինի համայնքապետի` տարբեր ԶԼՄ-ներին տրված մեկնաբանությունները, որոնց միջև նույնպես հակասություն կա։ Եթե Արագածավանի բնակիչները, ինչպես Թալինի համայնքապետն է ասում, անզգուշությամբ սահման են հատել, այստեղ խնդիրը Ազգային անվտանգության ծառայությանն է, որի հետ նույնպես չի հաջողվում կապ հաստատել։ Սահմանային ուղեկալի հատվածում տեղի ունեցածի վերաբերյալ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել նաև Պաշտպանության նախարարությունը։

Քիչ առաջ ֆեյսբուքյան էջում պաշտոնական հերքում է տարածել Արագածոտնի մարզպետարանը, որում ասվում է.

«Ի պատասխան 168.am լրատվական կայքում րոպեներ առաջ տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։ Լրատվամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել ևս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը»։

Տեսանյութեր

Լրահոս