Քրդամետ կուսակցության խոսնակը՝ Էրդողանին․ «Քրդական հարցի լուծումն այստեղ է, ոչ թե Թեհրանում»
Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության մամուլի խոսնակ Էբրու Գյունայն անդրադարձել է Սիրիայի հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գյունայի խոսքով՝ սիրիական Քուրդիստանն այսօր ևս Թուրքիայի հարձակման սպառնալիքի տակ է։
Շեշտելով, որ ռազմական նախապատրատական աշխատանքներ են տարվում հնարավոր հարձակման համար՝ Գյունայը նշել է, որ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Թուրքիայի բանակցությունների նպատակը Հյուսիսային և Արևելյան Սիրիայի վրա կատարվելիք հարձակման թույլտվությունն է, այսինքն՝ քրդերի իրավունքների ճնշումը։
ԺԴԿ-ի խոսնակը կոչ է արել քրդական հարցի լուծումը փնտրել հենց Թուրքիայում, այլ ոչ թե ուրիշ երկրներում։
«Քրդական հարցի լուծումը Բաղդադում, Թեհրանում, Մոսկվայում, Վաշինգտոնում կամ մյուս մայրաքաղաքներում չեք կարող գտնել, լուծումն այստեղ է, այս հողերում ապրող ժողովուրդների համար հավասար և ազատ կենսապայմաններ ստեղծելու մեջ է»,-նշել է ընդդիմադիր գործիչը։