
Գագիկ Ջհանգիրյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել վկայի կարգավիճակով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել են ՀՀ Քննչական կոմիտե եւ հարցաքննել։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես դիմել էր ՀՀ քննչական կոմիտե` հետաքրքրվելու համար, թե ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը արդյոք հարցաքննվե՞լ է ՀՀ քննչական կոմիտեում, թե՞ ոչ։
Ի պատասխան՝ «Ժողովուրդ» օրաթերթին կոմիտեի լրատվական ծառայությունից պաշտոնապես հայտնեցին. «ՀՀ քննչական կոմիտեում Ռ. Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով եւ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարոն Գ. Ջհանգիրյանը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է»:
Թե ինչ է ասել նա քննիչներին, պաշտոնապես մեզ չեն հայտնել, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա խոսել է այն, ինչ Հ1-ի եթերում էր ասել:
Հիշեցնենք, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Գագիկ Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այդ աղմկահարույց ձայնագրությունից ու Գագիկ Ջհանգիրյանի առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե վերջինս ունի առողջական խնդիրներ եւ ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո հրաժարական տվեց՝ ԲԴԽ-ի համար նոր խառնաշփոթ առաջացնելով»: