Հայ աշակերտները Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 3 բրոնզե մեդալով

Հուլիսի 10-17-ը տեղի է ունեցել Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադան, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էին 5 աշակերտներ, նվաճել է 3 բրոնզե մեդալ: Մասնակիցներից երկուսն արժանացել են  գովասանագրերի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ–ից։

Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել են 79 երկրների ավելի քան 300 աշակերտներ: Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ)  ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանը, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանը և Արեգ Բարսեղյանը: ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը և Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վյաչեսլավ Պետրոսյանը ստացել են գովասանագիր։

Թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը («ԱՅԲ» դպրոց,  Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) և Բիլոր Կուրղինյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց)։

Օլիմպիադան անցկացվել է երկու` փորձնական և տեսական փուլերով,  առցանց մասնակցությունն ապահովել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը։  Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադայի (պաշտոնական կայքը՝ ipho2022.com ) կազմակերպիչ երկիրը Շվեյցարիան է:

Հիշեցնենք, որ «Ֆիզիկա» առարկայի նախորդ՝ 51-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների։

Տեսանյութեր

Լրահոս