Պատրաստ ենք աջակցելու խաղաղության հասնելու ջանքերին. Լեհաստանի Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկին՝ Արարատ Միրզոյանին

Հուլիսի 19-ին Վարշավայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիի հետ:

Զրուցակիցները համակարծիք էին, որ խորհրդարանական ձևաչափով սերտ համագործակցությունը կարևոր դեր ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և բարեկամական կապերը առավել խորացնելու գործում: Այս առումով շեշտվել է տարբեր մակարդակներով ակտիվ փոխայցելությունների և շփումների դինամիկայի պահպանման կարևորությունը:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից անցկացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավունքի գերակայության ապահովմանը։ Տոմաշ Գրոձկին նշել է, որ լիովին աջակցում են Հայաստանին՝ ժողովրդավարական առաջընթացի ճանապարհին։

Հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը:

Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ:

Տոմաշ Գրոձկին պատրաստակամություն է հայտնել` աջակցելու խաղաղության հասնելու ջանքերին։

Տեսանյութեր

Լրահոս