
«Դադարեցնում եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը». Կարեն Հակոբյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը դադարեցնում է լիազորությունները:
«Հարգելի՛ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ,
21.07.2022 թվականից դադարեցնում եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը:
Ձեր վստահության շնորհիվ պատիվ եմ ունեցել շուրջ 4 տարի իմ ներդրումն ունենալ ի շահ և ի բարօրություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների ծավալվող աշխատանքներին:
Պաշտոնավարմանս առաջին իսկ օրվանից ինձ վստահված աշխատանքին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ, փորձել անել հնարավորինս առավելագույնը, ինչ խոսք՝ անելիքներ դեռ շատ կան:
Շնորհակալ եմ իմ աշխատակազմին, իմ քաղաքական թիմին, համագործակցած բոլոր գործընկերներիս և բոլոր նրանց՝ ովքեր վստահել, հավատացել են ինձ և սատարել՝ իմ ձեռնարկած ծրագրերի իրականացմանը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: