«Արմեն Գրիգորյանի սպանության գործով պետք է դիմել ՄԻԵԴ». Ռոբերտ Հայրապետյան

«Արմեն Գրիգորյանի սպանության դեպքը Հայաստանում քաղաքական սպանությունների շղթայի շարունակությունն է, բայց ոչ ավարտը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Այդ սպանության մեջ մասնակցություն են ունեցել ոչ միայն նրան կալանք տված դատավորը, որը ցինիկաբար նշել էր, որ ինքը որևէ խնդիր չունի, և Արմեն Գրիգորյանի կալանքը լիիրավ օրինաչափ պայմաններում է կայացրել… Սկսած այդ Արուսյակից մինչև դատախազներ, որոնք պաշտպանել են մեղադրանքը, և դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով դատական նիստերի դահլիճում, Արմեն Գրիգորյանի այդ վիճակը տեսնելով, միակ բանը, որ որոշեց անհապաղ անել, նիստերի դահլիճից փախչելն էր, և նաև այնտեղ հավաքված ոստիկանները, ովքեր մեծ ջանասիրությամբ կարողանում են փողոցում ծեծել մարդկանց, նրանց հասցնել մարմնական վնասվածքներ, բայց արի ու տես՝ չեն կարողանում ցուցաբերել առաջին բուժօգնություն, որի պարտավորությունը, իհարկե, ունեին, որովհետև նրանք կարգադրիչներ են և այդ պահին գտնվում էին դատական նիստերի դահլիճում»,- շեշտեց նա:

Ռոբերտ Հայրապետյանն այն կարծիքին է, որ կալանքը՝ որպես խափանման միջոց, գործող իշխանությունները դարձրել են մահակ, և ցանկացած պատեհ-անպատեհ առիթով, անկախ հանցագործության ծանրությունից, առաջադրված մեղադրանքի հոդվածից, մարդկանց կալանավորում են՝ օգտագործելով դա՝ որպես ազատ խոսքը լռեցնելուն ուղղված միջոց. «Արդյունքում՝ ունեցանք Արմեն Գրիգորյանի սահմռկեցուցիչ դեպքը: Ունենք շատ ծանր առողջական վիճակում գտնվող էլի քաղաքական բանտարկյալ Նարեկ Մանթաշյանին, Աղվան Հովսեփյանին. Երկուսին եմ նշում, որովհետև երկուսի մոտ էլ, ըստ բժիշկների, կոմայի հասցնող շեմի է արդեն հասել, և դատավորներն անդրդվելի են: Արմեն Գրիգորյանի դեպքում նախ՝ մարդը ապօրինաբար 60 օր մնացել էր կալանքի տակ, որից հետո 15 օր կալանավորված էր մի հոդվածի շրջանակում, որն արդեն գոյություն չուներ ՀՀ-ում»:

Ըստ իրավաբանի՝ Արմեն Գրիգորյանի մահվան դեպքով պետք է դիմել ՄԻԵԴ. «Եվրոպական կոնվենցիան, դատարանի կանոնակարգը այդ հնարավորությունն ընձեռում են: Այն, ինչ տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի հետ, պետության պոզիտիվ պարտավորություններից չարամտորեն խուսափելու արդյունքում անձի կյանքի իրավունքի անդառնալի խախտում էր: Անգամ ՄԻԵԴ-ը ստանդարտ ժամանակից շուտ կարող է այդ գործը կոմունիկացնել և քննել, և արդյունքում, ցավոք, որևէ բան Արմեն Գրիգորյանի կյանքի իրավունքի խախտման վերականգնման առումով մենք չենք կարող անել, և պետք է հաշտվենք, որ հերթական ինտելեկտուալը և հայրենիքի համար սրտացավ ու անկեղծ պայքարողն այլևս մեզ հետ չէ, բայց գոնե սոցիալական արդարության վերականգնման առումով ՄԻԵԴ որոշումը որոշակի նշանակություն կունենա, միգուցե որոշակի սթափեցնող ազդեցություն կունենա նաև Նիկոլ Փաշինյանի համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս