«Այս հայտարարությամբ փաստացիորեն նշվում է, որ այսքան ժամանակ Ալիևը ճիշտ էր, մենք` սխալ»․ Տիգրան Գալստյանը՝ Արմեն Գրիգորյանի հայտարարությունների մասին
Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ակնհայտ է, որ ԱԽ քարտուղարի այսօրվա հարցազրույցը արձագանք էր վերջին օրերին Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքներին և նպատակ էր հետապնդում մեղմել դրանք: Ադրբեջանն այդ հարցը, վստահաբար, բարձրացրել է նաև արտգործնախարարների Թբիլիսիի հանդիպման ընթացքում: Որևէ նորություն չկար նաև նրա այն հայտարարության մեջ, որ Հայաստանից դեպի Արցախ զորակոչ այլևս չի լինելու, իսկ ժամկետայինների վերջին խումբը շուտով զորացրվելու է:
Այնուամենայնիվ, այդ հարցազրույցի մեջ խիստ խնդրահարույց ու վտանգավոր մի հայտարարություն կա, որը փաստացիորեն լեգիտիմացնում է Ադրբեջանի ողջ ապակառուցողական պահվածքը վերջին շրջանում:
Խոսքը այս հայտարարության մասին է. «Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ:
Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի»:
Այս հայտարարությամբ ի չիք են դառնում հայկական կողմի վերջին ամիսների բոլոր այն պնդումները, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ չկան:
Ի դեպ, հայկական կողմի այս պնդումները հաստատվել էին նաև հեղինակավոր միջազագյին կազմակերպությունների զեկույցներում:
Ամենազավեշտալին այն է, որ Արցախում իրոք ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ չկան: Կան սահմանափակ քանակով Հայաստանից զորակոչված ժամկետայիններ, որոնք մոտ ապագայում զորացրվելու են: Այդ առումով այս հայտարարությունը իսկական նվեր է Ադրբեջանի համար, որի քարոզչամեքենան արդեն իսկ ակտիվորեն տարածում է այն:
Այս հայտարարությունը ոչ միայն չի նվազեցնում պատերազմի վտանգը, այլև, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, պատերազմի համար լեգիտիմություն է ստեղծում: Այս հայտարարությամբ փաստացիորեն նշվում է, որ այսքան ժամանակ Ալիևը ճիշտ էր, մենք` սխալ: Անգլերենում լավ արտահայտություն կա, որը կիրառելի է այս հայտարարության պարագայում` Тhrow out the baby with the bath water»։