Հուլուսի Աքարն արձագանքել է F-16-երի վաճառքը վերահսկելու մասին ԱՄՆ-ում ընդունված օրենքի լրացմանը
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու դեմ Հունաստանի գործողություններին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ազգային անվտանգության հատկացումների օրենքի (NDAA) լրամշակմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կոնգրեսական Քրիս Փափասի նախաձեռնությամբ ընդունված այդ լրացմամբ Անկարային F-16-երի հնարավոր վաճառքի համար 2 պայման է դրվել․ Վաճառքը պետք է իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան և պետք է հստակ քայլերի երաշխիքներ տրվեն առ այն, որ կկանխվի Թուրքիայի կողմից F-16-երով Հունաստանի օդային տարածքում չարտոնված թռիչքներ իրականացնելը:
Հուլուսի Աքարը հայտարարել է, որ կործանիչների ձեռքբերման գործընթացը շարունակվում է։ Նա նշել է, թե Հունաստանը փորձում է տարբեր նախաձեռնություններով հնարավորինս ազդեցություն ունենալ Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմական պատվիրակությունների միջև այդ կործանիչների մատակարարման և արդիականացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
Աքարն ընդգծել է, որ Թուրքիայի պահանջները համահունչ են և՛ Թուրքիա-ԱՄՆ, և՛ Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին.
«Բանակցությունների ընթացքում ԱՄՆ պաշտոնյաները հայտարարում են, որ Թուրքիան կարևոր դաշնակից է, իսկ ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն էլ Թուրքիայի կարևորության հետ մեկտեղ նշում են ահաբեկչության, ներգաղթի դեմ պայքարում Թուրքիայի գրանցած հաջողության մասին։ Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այս իրավիճակը։ Ինչ-որ մի պատգամավոր, մի խումբ այնտեղ դուրս են եկել մի շարք մանիպուլյացիաներով, ապատեղեկատվությունով խառնում են իրադրությունմ։ ԱՄՆ-ն չպետք է տրվի այս խաղին»,-նշել է նա։