«Ահա այսպիսի «մուննաթային» դիվանագիտություն է որդեգրել Բաքվի բռնապետը ԵՄ պաշտոնյաների նկատմամբ երեկվա գազային գործարքից հետո»
Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերին։ Այդ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետը իր բողոքն է արտահայտել Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների գործունեության վերաբերյալ:
Ալիևը մասնավորապես դժգոհել է այս տարվա մարտին Եվրախորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման հարցով» բանաձևի ընդունման վերաբերյալ:
Ալիևն անգամ իր խոսքում նշել է, որ Եվրահանձնաժողովը շատ ավելի «ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ, քան ՀՀ Ազգային Ժողովը»:
Այնուհետև գովերգել է ագրեսիայի իր վերջին ակտը, որը ձեռնարկել է Արցախի նկատմամբ 2020 թ. աշնանը և կոչ արել դադարեցնել քննադատություններն Ադրբեջանի հասցեին:
Ահա այսպիսի «մուննաթային» դիվանագիտություն է որդեգրել Բաքվի բռնապետը ԵՄ պաշտոնյաների նկատմամբ երեկվա գազային գործարքից հետո:
Նման պահված պետք է ակնկալել, երբ ժողովրդավարական արժեքների թվացյալ քարոզով զբաղվող ԵՄ–ն գնում է գործարքի բռնապետի և ագրեսորի հետ: Սա, ցավոք, լուրջ նահանջ է հենց ԵՄ–ի համար:
Այսպես թե այնպես Ադրբեջանը չի կարող դառնալ ռուսական գազին այլընտրանք, քանի որ չունի այդպիսի պաշարներ, բայց փոխարենը ԵՄ–ն ցույց տվեց, թե ինչպես է արհամարհում և անտեսում իր իսկ հռչակած սկզբունքները:
Այդքանով հանդերձ, ես հույս ունեմ, որ Եվրախորհրդարանի բոլոր այն պատգամավորները, որոնք իսկապես ունեն արժեքային համակարգ և հավատում են իրենց դավանած սկզբունքներին, կշարունակեն պայքարել բռնապետության և ագրեսիայի դեմ: