Բաժիններ՝

Դանակահարություն՝ Ոսկետափ գյուղի կամրջի մոտ

Հուլիսի 14-ին, գիշերվա ժամը չորսն անց տասնհինգին, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություն էր ստացվել Շենգավիթի գործընկերներից, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Նա, ըստ նախնական տվյալների, վնասվածքը ստացել էր Արարատի մարզում։

Արարատի բաժնից հիվանդանոց մեկնած քրեական հետախույզներին հաջողվում է պարզել դեպքի կոնկրետ վայրը։

Երիտասարդը վնասվածքը ստացել էր Ոսկետափ գյուղի կամրջի մոտ: Պարզվում է նաև, որ կենցաղային հարցերի շուրջ մի խումբ անձանց միջև վեճ էր եղել։

Շուտով հայտնի է դառնում նաև մասնակիցների շրջանակը, այդ թվում՝ տուժողին դանակահարողի ինքնությունը. Այգավան գյուղի բնակիչ էր, 32 տարեկան: Նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելիս Արարատի ոստիկանները համագործակցում են ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների հետ: Կեսօրից քիչ անց նրան հայտնաբերում ու ձերբակալում են: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է:

Վեդիի քննչական բաժնում առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս