Բաժիններ՝

«Հայրը գիշերը եկավ Ռուսաստանից, գնացինք մորգից երեխուն վերցրեցինք, եկանք ․․․»․ Վարդենիսում տեղի ունեցավ մահացած հայտնաբերված զինծառայողի հոգեհանգիստը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր տեղի ուենցավ պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Արսեն Մանուկյանի հոգեհանգստի արարողությունը։

Արսենի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, հայտնաբերվել էր հուլիսի 14-ին՝ մարտական դիրքում, բայց, քանի որ նրա հայրը Ռուսաստանի Դաշնությունում էր՝ արտագնա աշխատանքի, տղային ուշ են հուղարկավորում։

Մահացած զինծառայողի հորեղբայրը՝ Էդիկ Մանուկյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եղբայրը երեկ գիշերն է ժամանել Հայաստան․

«Հայրը գիշերը եկավ, օդանավակայանում դիմավորեցինք, գնացինք մորգից երեխուն վերցրեցինք, եկանք․․․»։

Կարդացեք նաև

Հարցին՝ դատաբժշկական փորձաքննությունն ի՞նչ է ցույց տվել, զինծառայողի հորեղբայրը պատասխանեց, որ իրենց դեռևս որևէ բան հայտնի չէ, դատաբժիշկը եզրակացությունն ուղարկել է Քննչական կոմիտե, որտեղ փորձաքննություն է կատարվելու․

«Իմ տեղեկություններով՝ դիրքի ավագը ժամանակավորապես ձերբակալված է, այլ տեղեկություն չունենք։ Մենք սպասում ենք, որ Քննչական կոմիտեն մեզ պատասխանի, թե ինչ է իրականում կատարվել։

Էլի եմ ասում՝ Արսենը չէր կարող այդ քայլին գնալ՝ ինքն իրեն խփեր։ 1 տարի 1 ամսվա ծառայող էր, անող լիներ՝ շուտ կաներ, ոչ թե․․․ Բայց իմ կարծիքով՝ իրեն նեղություններ տվել են, ինքն ուղղակի չի արտահայտվել, որովհետև այնպիսի ճարահատյալ վիճակում գտնվող ընտանիքի մեջ է մեծացել, որ նեղություններն իր մեջ քաշել է, չի ուզեցել որևէ մեկին անհանգստացնի»։

Արսեն Մանուկյանին հուղարկավորելու են Վարդենիսի ընտանեկան գերեզմանատանը՝ տատիկ-պապիկի կողքին։

«Այսօր հոգեհանգիստն է, վաղը՝ հուղարկավորությունը։ Խեղճ ծնողներն իրենց կոտորում են, մենք մեզ կոտորում ենք․ մեղավորներին պետք է գտնե՛ն։ Եթե անգամ ինքն է իրեն խփել, էդ դեպքում թող դրդողին գտնեն, բայց մենք հակված ենք նրան, որ երեխուն կողքից են խփել»,- ասաց մահացած զինծառայողի հորեղբայրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։

Հ․Գ․ ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել է, որ պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը:

Տեսանյութեր

Լրահոս