
Ուկրաինական հացահատիկի հարցով Թուրքիայում նոր հանդիպում է նախատեսվում

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը ուկրաինական արգելափակված նավահանգիստներից հացահատիկի և պարենի անվտանգ արտահանման հարցով կարող է տեղի ունենալ այս շաբաթ։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Աքարը հիշեցրել է, որ չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին, Ստամբուլում տեղի է ունեցել առաջին քառակողմ հանդիպումը՝ ուկրաինական հացահատիկի սևծովյան արտահանման ապաշրջափակման հարցով։
«Սև ծովում «հացահատիկային միջանցքի» պլանի իրականացման ընդհանուր սկզբունքների շուրջ պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել։ Թուրքիան ջանքեր է գործադրում կոնկրետ քայլերի ուղղությամբ՝ այս ծրագրի իրականացման համար»,- ասել է Աքարը։
Նրա խոսքերով՝ հացահատիկի խնդրի մանրամասները կրկին կուսումնասիրվեն Ստամբուլում կայանալիք նոր հանդիպման ժամանակ։
«Քննարկվում է Ստամբուլում նավահանգիստներ մուտքն ու ելքը , նավագնացության անվտանգությունը համակարգող կենտրոնի ստեղծման հարցը։ Այս ամենը օրակարգի հիմնական տեխնիկական հարցերն են»,- ասել է թուրք նախարարը։
Ստամբուլում հուլիսի 13-ին բանակցություններ են ընթացել Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների եւ ՄԱԿ-ի պատվիրակության միջեւ «հացահատիկի հարցի» կարգավորման շուրջ։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպումից հետո ասել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու վերաբերյալ։