«Ադրբեջանցին սարի գլխին նստած է, ես ինչքա՞ն դուռս թելով կապեմ կամ սայլակս կանգնացնեմ դռան հետևը․․․»․ Սոթքի անապահով ընտանիքն օգնության կարիք ունի

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը, որը հաշմանդամության խնդիր ունի (ոտքերն անդամահատված են, անվասայլակով է տեղաշարժվում.- Ն.Խ.), սոցիալական ծանր վիճակում է հայտնվել։

Արմենը 168.am-ի հետ զրույցում նեղսրտեց, որ սոցիալական ծանր վիճակին զուգահեռ՝ նաև առողջական խնդիրներն են գլուխ բարձրացրել։ Ճիշտ է, բուժումը պետպատվերի շրջանակներում պետք է իրականացվի, բայց մայրաքաղաք հասնելու գումար էլ չունի․

«Բժիշկը ինչքան ժամանակ ա, զանգել ասել ա՝ Արմեն, մի ուշացրա, արի՛։ Ուզում եմ գնամ, բայց ո՞նց։ Հիվանդանոցը Երևանում է, ես էլ էս վիճակին եմ՝ սայլակի վրա․ գազելով չեմ կարող գնալ։ Տաքսին 15.000 դրամ ա ուզում, որ հասցնի Երևան, 15.000 էլ պետք ա, որ հետ գամ տուն։

Կտրած մատս վերք է եղել, պետք է վիրահատեն, քանի որ հիվանդանոց գնալու ճանապարհածախս չունեմ, ցավին դիմանալով՝ ապրում եմ։ Էնքան եմ ուզում շուտ գնամ հիվանդանոց, որ էս ցավն անցնի․․․»։

Կարդացեք նաև

Արթուրն ամուսնացած է, տղան՝ Բենիկը, 17 տարեկան է, և տան ամբողջ բեռը նրա ուսերին է․ «Կենդանիներին արոտ տանել, հողամասում աշխատանքներ կատարել, ինձ տեղաշարժվելուց օգնել, ամեն ինչ տղաս ա անում։

Հիմա մի կով ու մի քանի ոչխար ունենք, գայլերը էս վերջում մի քանի գառ կերան․․ Էս ամբողջին տղես է տիրություն անում․․․»։

Արմենի տան պայմաններն էլ լավը չեն, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուրջ դժվարություններ են ստեղծում մեր զրուցակցի համար, սակայն առաջնահերթ պետք էր լուծել մուտքի դռան հարցը: Մի քանի ամիս առաջ կոտրվել էր, ստիպված հարևանից են մի հին դուռ են բերել, մի կերպ հարմարեցրել, որ գիշերը կարողանան համեմատաբար «հանգիստ» քնել․

«Էդ, որ ասում եմ՝ հանգիստ, նկատի ունեմ՝ չակերտներում։ Դրսի դուռը էն 47.000 դրամանոց դռներից է եղել, կոտրվել է, հարևանն է մի հատ դուռ բերել, բայց ծռմռված է, մի կերպ, էն էլ թարս դրել ենք՝ գլազոկը ներքևի մասում է ընկել, հարմարեցրել ենք․ զամոկ էլ չկա, թելով ենք փակում․․․

Գնացել եմ դուռ սարքողի մոտ, ասում է՝ ամենաէժան դուռը 150.000 դրամ է։ Ես պետք է գնամ Երևան՝ հիվանդանոց, բայց փող չունեմ, դուռ ո՞նց առնեմ, լրիվ պրոբլեմ է։ Ոչ աշխատանք ունենք, ոչ եկամուտ, ոչ մի բան․․․

Նախկինում մեր համայնքի ղեկավար Ավետյանն է օգնել, իմ տաքսու, ուտելու փողն ամբողջն ինքն էր տալիս․․․

Սահմանամերձ գյուղ ա, թուրքը՝ ադրբեջանցին, սարի գլխին նստած է, ես ինչքա՞ն դուռս բաց մնամ, թելով կապեմ կամ սայլակս կանգնացնեմ դռան հետևը, բա որ թուրքը մտավ․․․»

Արմեն Մարտիրոսյանին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ 098-66-66-23։

Տեսանյութեր

Լրահոս