
ԱՄՆ-ն շարունակում է զինել Սիրիայի քրդական ուժերին

Թուրքական քարոզչամեքենան շարունակում է ԱՄՆ-ին մեղադրել Սիրիայի քրդական ուժերին զինամթերք ուղարկելու մեջ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սիրիայում քուրդ զինյալների դեմ հնարավոր ռազմական գործողություն իրականացնելու համատեքստում Թուրքիայի պետական TRT լրատվական կայքը տեղեկություն է հայտնել, ըստ որի՝ ԱՄՆ-ն մեծ թվով զինամթերք է ուղարկել Սիրիայի Մանբիչ քաղաք, որտեղ ներխուժել է պատրաստվում թուրքական կողմը:
Ըստ թուրքական կողմի՝ Մանբիչն այժմ գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:
Զինամթերքը Մանբիչ է հասել Սիրիայի Ռաքքա քաղաքից: Ուղարկվել են նաև զրահապատ մեքենաներ:
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կոչ էին արել Անկարային ռազմական գործողություն չսկսել Սիրիայի հյուսիսում: