Միրզոյան-Բայրամով հանդիպումն արևմտյան նախաձեռնության մաս էր․ Աննա Կարապետյան

«ՀԱՅԱՑՔ» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ակնհայտորեն այս հանդիպումն արևմտյան նախաձեռնության մաս էր: Դա է վկայում թե՛ ընտրված վայրը՝ Թբիլիսի (հիշենք ԱՄՆ և ԵՄ հովանավորությամբ և Վրաստանի միջնորդությամբ գերիների վերադարձը), թե՛ ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների այցերը տարածաշրջան հանդիպման օրերին:

Որոշ իմաստով սա Խաղաղության պայմանագրի շուրջ ԱԳ նախարարների մակարդակով երկխոսությունն է, որի մասին պայմանավորվել էին Բրյուսելում: Ճիշտ է՝ հաղորդագրության մեջ ընդհանրական ձևակերպումներ են և չի հստակեցվում, թե ինչ է քննարկվել:

Ադրբեջանն այս հանդիպումն օգտագործելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության բանակցությունների վերսկսման հեռանկարը վերջնականապես զրոյացնելու համար: Ուշագրավ է, որ նույնիսկ հայկական կողմի հաղորդագրության մեջ արդեն խոսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ՓՈՐՁԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ անհրաժեշտության մասին:

Անմիջապես նախարարների հանդիպման նախորդ օրն Ալիևի հայտարարությունները Զանգեզուրի միջանցքի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի, Արցախի կարգավիճակի մասին ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում զիջումների գնալ ու կառուցողական լինել, այլ ուղիղ սպառնում է և շանս տեսնում ամրագրել իր բոլոր նպատակների կատարումը:

Հարց է առաջանում՝ արդյո՞ք Ալիևի այս հայտարարություններից հետո նպատակահարմար էր Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը»։

Տեսանյութեր

Լրահոս