
Արմեն Փամբուխչյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը Սեյսմիկ պաշտպանության համակարգի 31-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 31-րդ տարեդարձի առթիվ։ Սպիտակի՝ 1988 թ. երկրաշարժի դասերը վերլուծելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1991 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ ստեղծեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ)` որպես պետական մի կառույց, որի գործունեության գլխավոր նպատակն է պետության և բնակչության սեյսմիկ ռիսկի նվազեցումը, սեյսմիկ անվտանգության ապահովումը:
Վերջին տարիներին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը գործում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում ծառայության հետագա զարգացման և կատարելագործման համար։ Արցախում էլ գործում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունը:
Ձեր արդյունավետ աշխատանքը նպաստելու է մեր ժողովրդի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, և արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու շնորհիվ մաքսիմալ նվազեցնելու է հնարավոր ռիսկերը։
Մաղթում եմ ձեզ անցնցում և նոր ձեռքբերումներով լի աշխատանք»։