Բաժիններ՝

Իրանը պատժամիջոցներ է սահմանել ևս 61 ամերիկացիների նկատմամբ

Իրանը պատժամիջոցներ է սահմանել ևս 61 ամերիկացիների, այդ թվում՝ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի նկատմամբ՝ իրանցի այլախոհներին աջակցելու համար։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

«Սև ցուցակում» ընդգրկված այլ անձանց թվում են ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին, Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։

ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ պատժամիջոցների մասին պաշտոնապես հայտարարել է Թեհրանը, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը այցով գտնվում է Մերձավոր Արևելքում։ Ինչպես գրում է «Ռոյթերս» գործակալությունը, Իրանի այս քայլը մեծ մասամբ խորհրդանշական է, քանի որ «սև ցուցակում» ընդգրկված անձինք, ամենայն հավանականությամբ, չունեն Իրանում ակտիվներ, որոնք ենթադրաբար սառեցված են սահմանված պատժամիջոցներով։

Իրանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել 51 ամերիկացիների նկատմամբ այս տարվա հունվարին, ևս 21-ի համար՝ ապրիլին։

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման հարցի շուրջ, որոնք սկսվել են նոյեմբերին Վիեննայում և շարունակվել հունիսին Կատարում։ «Ռոյթերս» գործակալությունը գրում է, որ բանակցությունները մտել են փակուղի։

2018 թվականին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնագիրը և վերականգնեց ԱՄՆ-ի պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը խախտել է համաձայնագրով նախատեսված միջուկային ծրագրի սահմանափակումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս