Վերջին 5 շաբաթներին կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում աճում է
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աշխարհում աճում է արդեն 5 շաբաթ շարունակ, մահացության ցուցանիշը հարաբերականորեն կայուն է։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Անցյալ շաբաթ աշխարհում հաստատվել է COVID-19-ի 5,7 միլիոն նոր դեպք՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ 6 %-ի աճ գրանցելով։ Վերջին երկու շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերն աճել են 30 %-ով։ Մահվան դեպքերի թիվը գրեթե նույնն է եղել՝ 9800։
Այժմ ավելի տարածված են «Օմիկրոն» շտամի երկու ենթատեսակներ, որոնք չափազանց վարակիչ են. դրանք կարող են վարակել նախկինում պատվաստվածներին և առողջացածներին։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ բազմաթիվ երկրներում COVID-19-ի հսկողության և թեստավորման մեղմացված միջոցառումները բարդացնում են վիրուսին հետևելու և դրա նոր, վտանգավոր տարբերակներն ի հայտ բերելու ջանքերը։