28 փողոցում մալուխագծերն անցկացվելու են ստորգետնյա հատված. Քաղաքապետարանի պարզաբանումը՝ Մյասնիկյան պողոտայում փորված փոսերի մասին
Մյասնիկյան պողոտայի մայթն ու առաջին գոտու կեսը որոշակի ժամանակ քանդված է, փորված փոսեր են, ինչն էլ անհարմարություն է պատճառում քաղաքացիներին:
«Քանդեցին ու մոտ երեք ամիս թողեցին այդպես»,- սոցիալական ցանցում դժգոհել էին քաղաքացիները:
Խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից 168.am-ին հայտնեցին, որ աննախադեպ ծրագիր է իրականացվում՝ օդային մալուխագծերն անցնում են ստորգետնյա հատված, ինչը, բնականաբար, ենթադրում է մի շարք խոչընդոտներ, այդ թվում՝ մատակարարման:
«Աշխատանքների ընթացքում նաև կոմունիկացիոն ներքին բազմաթիվ խնդիրներ էին ի հայտ եկել, օրինակ այն, որ հատվում էին այլ մալուխագծերի հետ, ինչը լրացուցիչ ձգձգում էր աշխատանքը: Հիմա աշխատանքները վերսկսվել են Աճառյան փողոցի կողմից: Աշխատում են առանց հանգստյան օրերի: Նշենք, որ 28 փողոցում մալուխագծերն անցկացվելու են ստորգետնյա հատված, և դրա համար նաև մասնագիտական տեխնիկա ենք ձեռք բերել, որպեսզի նեղ խրամուղիներ փորվեն»,- մանրամասնեցին Քաղաքապետարանի լրատվական բաժնից: