«Ո՞րն է ձեր և Փաշինյանի տարբերությունը». Հայկ Խալաթյանը՝ Էդմոն Մարուքյանին և արտախորհրդարանական մյուս ուժերին

Հուլիսի 14-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կքննարկի ընդդիմադիր 30 պատգամավորի մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով մանդատից զրկել ցանկացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարցնում է՝ իսկ երբ ձեր թեկնածու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը մեկ տարի աշխատանքի չէր գնում, բայց աշխատավարձ և պարգևավճար էր ստանում, նրան ինչո՞ւ իր պաշտոնից հեռացնելու որոշում չկայացրեցիք։

«Այս ու այլ փաստեր ևս գալիս են ապացուցելու, որ իշխանությունը փորձում է ցույց տալ, թե կարող է ցանկացած որոշում անցկացնել և պատժել նման տարբերակով խորհրդարանական ընդդիմությանը՝ միևնույն ժամանակ դա ի ցույց դնելով և՛ երկրի ներսում, և՛դրսում, բայց չէ՞ որ տեսանելի է՝ հայ հասարակության մի զգալի հատված դեմ է այս իշխանության վարած քաղաքականությանն ու քննադատում է ընդդիմությանն արմատական քայլերի չգնալու համար։ Ստացվում է՝ անգամ, եթե խորհրդարանական այս ընդդիմադիր պատգամավորներին զրկեն մանդատներից, միևնույն է, իշխանություններից ազատվելու ցանկություն ունեցող հասարակության զգալի հատվածի մոտ տրամադրություններն է՛լ ավելի արմատական են դառնալու»,- ասաց քաղաքական վերլուծաբանը՝ ընդդիմության պայքարի այս փուլում վերջնական նպատակը՝ իշխանության հեռացումը չարձանագրելու վրա չարախնդացողներին հիշեցնելով, որ նույնիսկ վերջնական արդյունք չարձանագրելով՝ ընդիդմությունը կարողացավ և՛ այս իշխանությանը, և՛ արտաքին աշխարհին ցույց տալ, որ Հայաստանի ներսում կա հասարակության մի մեծ հատված, որը տեր է կանգնելու իր հայկական ու ազգային օրակարգին, ինչին տեր չի կանգնում իշխանությունը։

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ իրական ընդդիմադիրներին ազգային ժողովից հեռացնելով և մտահոգված լինելով բացառապես սեփական իշխանության պահպանմամբ՝ Փաշինյանի իշխանությունը փորձելու է իրական ընդդիմադիրներին փոխարինել պսևդոընդդիմադիրներով, որոնք ամեն շաբաթ արտախորհրդարանական ձևաչափով հանդիպում են Փաշինյանի հետ:

Խալաթյանի համոզմամբ՝ նրանց շարքում պետք է դիտարկել նաև Էդմոն Մարուքյանին։

«Անհասկանալի է, թե այդ արտախորհրդարանական ձևաչափում ներառվածների դիրքորոշումը ինչո՞վ է տարբերվում Փաշինյանի դիրքորոշումներից. եթե դուք ընդդիմություն եք, ապա ո՞րն է ձեր և Փաշինյանի տարբերությունը, հետևաբար՝ ես վստահ եմ, որ ապագա խորհրդարանում կլինեն և՛ Մարուքյանը, և՛ Արամ Սարգսյանը, և՛ մյուս պսևդոընդդիմադիրները»,- ասաց Խալաթյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս