«Դու և քո շեֆ Նիկոլ Փաշինյանն եք բարձր ամբիոններից տարածում ադրբեջանական թեզեր». Արմեն Աշոտյանը՝ Էդմոն Մարուքյանին
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության եթերում Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հնչեցրած ընդդիմության վերաբերյալ մի շարք գնահատականների՝ ընթացքում նշելով, որ կուզեր իր մեկնաբանությունները ևս հնչեցնել Հանրայինի եթերում, սակայն արդեն 4 տարի է՝ Հանրային հեռուստաընկերությունն իրեն հարցազրույցների չի հրավիրում։
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, ապա Արմեն Աշոտյանի փոխանցմամբ՝ Էդմոն Մարուքյանը հայաստանյան հարկատուների հաշվին աշխատավարձ է ստանում, և ըստ տրամաբանության, որպես Հատուկ հանձնարարություններով դեսպան՝ պետք է աշխատի դրսի հետ, արտաքին հարաբերությունների հարցերով։
«Տեսեք, պարոն Մարուքյանը հասարակական ակտիվության մեջ քանի տոկոս է նվիրում իր բուն գործունեությանը, դեռ որակը մի կողմ եմ դնում, և քանի տոկոս է նվիրում իրեն տված աշխատավարձ ու նվեր տված բնակարանը, և այլն, արդարացնելու համար՝ ընդդիմության հասցեին վայրահաչելով։
Ինչ արտաքին կապերով է զբաղվել պարոն Մարուքյանը, ասեմ՝ լիբերալ դեմոկրատներից կուսակցական հրավեր է ստացել մասնակցել ինչ-որ սեմինարի և պետական փողերով գնացել է կուսակցական միջոցառման։ Չեմ սևեռվում Էդմոնի վրա, որովհետև ինքը չէ հիմնական խնդիրը, հիմնական խնդիրն իր տերերն են»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Նա հիշեցրեց, որ ժամանակին Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին ասում էր, որ պարտության խորհրդանիշ է, բայց այսօր փորձում է արդարացնել նրա վարած քաղաքականությունը։
Իսկ այն սպասելիքները, թե ընդդիմությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, առնվազն ծիծաղելի է, քանի որ ի՞նչ ինստիտուցիոնալ լինելու մասին է խոսքը, երբ Հայաստանում չկան ինստիտուտներ։ Այսինքն՝ ընդդիմությունն ինչպես կարող է զբաղվել ինստիտուցիոնալ աշխատանքով մի պետությունում, որտեղ ինստիտուտները բնաջնջվում են, կա միայն մեկ ծաղրածուի կրկես՝ Նիկոլ Փաշինյանն է։
«Հայաստանում քայքայված է դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները, պաշտպանական հաստատությունները, պետական կառավարման համակարգը։ Ու այս համատարած բարդակի մեջ ընդդիմությունը պետք է սպիտակ կոստյումով գա նստի ու ասի՝ ես ինստիտուցիոնալ աշխատանքով եմ զբաղված։ Նման տեսակ հիմարություններ արտաբերելով՝ մարդկանց ինչ աստիճան հիմարի տեղ պետք է դնեն և մտածեն, որ այս «կտերը» պետք է աշխատեն»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։
Նա ընդգծեց, որ ընդդիմությունը ժողովրդից մանդատ է ստացել ոչ թե խորհրդարանում աշխատելու, այլ խորհրդարանական գործիքակազմով Նիկոլին հեռացնելու համար։
Միաժամանակ ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ընդդիմության օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց չի եղել, դա եղել է Նիկոլ Փաշինյանի «կուտը»։
«Ասում է՝ Հայաստանի համար ժողովրդավարական իմիջը շատ կարևոր է՝ հողերը գլխներիդ, Հայաստանը ժողովրդավարություն ունի՞։ Այդ 30 քաղբանտարկյալները, ոստիկանական բռնությունները հե՞չ, այն փողը, որ այս մեկ տարվա ընթացքում տվել ես ոստիկաններին, չտայիք, դնեիք բանակի վրա։
Ասում են՝ աղվեսը պոչին վկա է բերում, Էդոմոն Մարուքյանը հղում է անում մի հետազոտության վրա, որը կոչվում է ԵՄ Արևելյան գործընկերության ժողովրդավարության ինդեքս։ Ուրեմն՝ այդ հետազոտություն կոչվածը գրված է քաղաքացիական ֆորումի կողմից, երբ նայեք, թե Հայաստանից ինչ փորձագետներ են մասնակցել այդ ինդեքսի ձևավորմանը, ապա կտեսնենք, որ այնտեղ հավաքական սորոսությունն է։ Այսինքն՝ սորոսականները գնացել զեկույց են գրել, որտեղ Նիկոլին «պասեր» են տվել, զեկույցը երբ կարդաք, այն խայտառակություն է։ Սորոսականները եվրոպական փողերով գրել են «տուֆտա» զեկույց, աչքները փակել են չեպեների վրա, պետք է տեսենք, կներեք բառիս համար, թե ինչպես է «թրքած» այդ զեկույցի մեջ։ Անգամ այդ զեկույցում Հայաստանը 4-րդ տեղում է՝ Ուկրաինայից, Մոլդովայից ու Վրաստանից հետո»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի մեկ այլ հայտարարությանը, թե ընդդիմությունն ադրբեջանական թեզեր է տարածում, Արմեն Աշոտյանը հակադարձեց՝ ընդդիմության գլխավոր թեզը որը կա, այն է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Դու դա կարո՞ղ ես ասել, ես, արդեն չորս տարի է՝ ասում եմ, իմ նախագահը դա կարող է ասել, ինքն է առաջինն ասել, իսկ դուք կարո՞ղ եք ասել։ Քո շեֆն է տարածում ադրբեջանական թեզերը, դուք եք դա անում, դու ու քո շեֆը»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում