«Ընդդիմությունը ձեր, Նիկոլի ու ձեր տերերի կոկորդում է». Արմեն Աշոտյանը՝ Էդմոն Մարուքյանին
«Մի քանի օր շատ նայեցի Հանրային հեռուստաընկերության լրատվական ու քաղաքական մի շարք հաղորդումներ։ Դե, ակնհայտ է, որ ձեռագիրը չի փոխվել, նիկոլական սպասարկուների ոհմակն այնտեղ շարունակում է իր կտոր հացը վաստակել Նիկոլին ծառայելով և որպես գին՝ դրա համար ունենալով ազգային, պետական շահեր, լրագրողի մասնագիտություն»,- այսօր ֆեսյբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով իշխանության և նրա սպասարկուների ընդդիմությանն ուղղված ստերին ու «կտերին»։
Ըստ Արմեն Աշոտյանի, Հանրայինի եթերում դիտել է նաև հատուկ հանձնարարություններով դեսպան, բայց իրականում Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստի վերածված Էդմոն Մարուքյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին։
«Բազմիցս ասել եմ, որ Էդմոնը խելացի տղա է, բայց վատ է, որ իր խելքն ի վնաս և ի չարն է գործածում։ Բայց «կռուտիտների», ստերի դասակարգման մեջ ինքն ավելի վտանգավոր ստեր է տարածում, քան նիկոլական, իմքայլական ամբողջ ուսապարկային պահեստը։ Ուզում եմ անդրադառնանք այն թեզերին, որոնք հնչել են Հանրայինի եթերում, այսպես կոչված՝ հատուկ հանձնարարություններով դեսպանին, իսկ իրականում՝ Նիկոլի քարոզչական սանիտարի վերածված գործիչների։
Ինչո՞ւ են հիմա նորից կախվել ընդդիմությունից։ Իհարկե, այս ընթացքում ընդդիմությունն իր սխալներով հանդերձ՝ կայացրել է Հայաստանում մի փաստ, որն արձանագրվում է միջազգային գործընկերների և թշնամիների կողմից՝ Հայաստանում կա խորքային ճգնաժամ, որի դրսևորումներից մեկը քաղաքական է։ Ակնհայտ է, որ ընդդիմության կողմից բարձրաձայնած և համաժողովրդական աջակցություն ստացած ազգային օրակարգը մնացել է և՛ Նիկոլի կոկորդին, և՛ նրան սպասարկողների և աշխարհաքաղաքական տերերի կոկորդին։ Ակնհայտ է, որ ընդդիմությանը չեն սիրում, որովհետև ընդդիմությունը գոնե այս փուլում Հայաստանում բերել է մի իրավիճակ, որտեղ քաղաքական ճգնաժամն ակնհայտ է, և Նիկոլ Փաշինյանն իր թիմով, կառավարությունով ու ԱԺ-ով լեգիտիմ չէ»,- հավելեց Արմեն Աշոտյանը։
Շարունակելով թեման՝ Արմեն Աշոտյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանին լեգիտիմացնելու համար պետք է ընդդիմությանը նեղը «գցեն» և մղեն դեպի խորհրդարան, որպեսզի ընդդիմությունը կրկին գնա խորհրդարան։ Այլ կերպ ասած՝ այս պահին ընդդիմության «ունքերից են կախվել», որպեսզի նրան տարբեր գործիքներով տանեն խորհրդարան։
«Ընդդիմության կողմից ձևավորված օրակարգն այսօր հարցականի տակ է դնում Նիկոլի քաղաքական որոշումների, այդ թվում՝ Արցախի հարցով քաղաքականության լեգիտիմությունը նաև դրսի աչքերում։ Դրա համար Չավուշօղլուն, Բայրամովը և մնացած բոլորն ատում են ընդդիմությանը։
Հանրայինի եթերում ասում են՝ բա ո՞ւր է ընդդիմությունը, ինչո՞ւ փողոցում չէ, և այլն։ Ընդդիմությունը ձեր և Նիկոլի կոկորդում է, ձեր և Նիկոլի տերերի կոկորդին է»,- Պետրոս Ղազարյանի և Էդմոն Մարուքյանի հարցազրույցում հնչեցրած հարցերին ի պատասխան՝ ասաց Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում