«Ապաքաղաքական ողջ բոլուկը ՔՊ-ի ցուցակում է». Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ դրսի աչքերով միայն Նիկոլ Փաշինյանը քիչ է, որ վավերացնի դավաճանական խոստումները, դավաճանական հանգուցալուծումը՝ Հայաստանի և Արցախի ինքնիշխանության ու գոյության վերաբերյալ։
«Որպեսզի դրսի խաղացողները վստահ լինեն, որ մեզ կզցնելը և կզած ստորագրելը լինելու է երկարաժամկետ և հարցականի տակ չի դրվելու երբեք, իրենց պետք է, որպեսզի կողքից ինչ-որ մարդիկ աջակցեն։ Բնականաբար, այսօրվա ընդդիմությունը դա չի անելու, ինչպես կարող է աջակցել Նիկոլին, հետևաբար՝ իրենց անհրաժեշտ է ունենալ լոյալ նիկոլաբնակ գործիչներ, քաղաքական ուժեր, ուժիկներ և անուժիկներ, որպեսզի ստեղծեն պատրանք, թե Նիկոլը չի ծախում Արցախը, ամբողջ ժողովրդով այդպես ծախում ենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակված Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հարցազրույցին և նրա հնչեցրած մի շարք թեզերին։
Ըստ Արմեն Աշոտյանի, այսօր Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ են հանցակիցներ, քանի որ միայն իր «ուսապարկերը» քիչ են, նրան հասարակական-քաղաքական դաշտում պետք են գործիքներ, որոնց օգտագործում է։ Այս համատեքստում, երբ Էդմոն Մարուքյանը և հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը հաջորդաբար հարց էին հնչեցնում, թե որտեղ է ընդդիմությունը, Արմեն Աշոտյանը տվեց այդ հարցի պատասխանը՝ «Ընդդիմությունը ձեր կոկորդում է»։
Ինչ վերաբերում է եթերում հնչեցրած այն թեզին, թե ընդդիմությունը պետք է վերադառնա խորհրդարան, Արմեն Աշոտյանը հակադարձեց, թե՝ այդ ի՞նչ ապուշ խոսակցություններ են, և հարց բարձրացրեց՝ արդյո՞ք այսօր ապրում են այնպիսի իրականության մեջ, որտեղ ԱԺ-ում իշխանությանը ընդդիմության հակակշռելու գործառույթը պետք է դառնա գերակա։
«Իշխանությանը ընդդիմությունը չպետք է հակակշռի։ Այս իշխանությունը դավաճան է, բազմիցս ապացուցված, առնվազն քաղաքական դավաճան, արյունոտ իշխանություն է։ Այս իշխանությանը ոչ թե հակակշռել է պետք, ինչպես «կտում» են Պետոն ու Էդմոնը, այլ նրան չեզոքացնել, փոխել է պետք, այն չպետք է լինի։ Այնպես չէ, որ մենք ապրում ենք Լյուքսեմբուրգում, Լիտվիայում կամ անդարդ մեկ այլ երկրում, որ ընդդիմությունը գնա խորհրդարան ու Գլխավոր դատախազի կամ Վերաքննիչ դատարանի դատավորների հարց քննարկի։ Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց ասածն ապուշություն է, և այսօրվա ճգնաժամային իրականությունը, որում ապրում է Հայաստանը և մենք բոլորս, չի ենթադրում ընդդիմության դասական ֆունկցիոնալություն ԱԺ-ում»,- շեշտեց Ա. Աշոտյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում