Տոտտին ամուսնալուծվել է
«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին ևս մեկնաբանել է հեռուստահաղորդավարուհի Իլարի Բլազիի հետ ամուսնալուծությունը՝ 20 տարվա համատեղ կյանքից հետո.
«20 տարվա համատեղ կյանքից հետո, ցավոք, իմ հարաբերություններն Իլարիի հետ ավարտվեցին: Այն, ինչ ես ասել եմ վերջին ամիսների ընթացքում, իմ երեխաներին պաշտպանելու փորձ էին: Ես փորձել եմ հաղթահարել ճգնաժամն իմ ամուսնական կյանքում, բայց այսօր հասկանում եմ, որ բաժանումը, թեև ցավոտ, բայց արդեն անխուսափելի է»,- Տոտտիի խոսքերը, ըստ tert.am-ի՝ փոխանցում է ESPN-ը:
Հիշեցնենք՝ այս մասին ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Բլազին. «Բաժանման գործընթացը կմնա անձնական հարց, և իմ կողմից այլևս որևէ հայտարարություն չի լինի: Ես կոչ եմ անում բոլորին խուսափել շահարկումներից և առաջին հերթին հարգել իմ ընտանիքի գաղտնիությունը»:
Հիշեցնենք՝ Տոտտին և Բլազին ամուսնացել են 2005 թվականին: Նրանք 3 երեխա ունեն՝ Շանելը, Քրիստիանն ու Իզաբելը: