«Գնաճը շարունակվելու է 2023 թվականից հետո». Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սահմանադրության օրն առանձին պարգևավճարներ նախարարությունում չեն ստացել։
«Պատգամավորների պարգևավճարներին անդրադառնալն ու այդ համատեքստում համեմատել թոշակառուների թիվն ու պատգամավորների թիվը, այսինքն՝ եթե մենք պատգամավորների թիվը պրոյեկտենք 5 հարյուր ավելի կենսաթոշակ ստացնողների թվին, ապա գումարը շատ չնչին է լինելու։
Ինչ վերաբերում է Լեյտենանտին հաշմանդամության կարգից զրկելուն, ապա՝ այո՛, այդ գրառմանը տեղյակ եմ, և սա շատ ցավոտ խնդիր է։ Պատերազմից հետո, երբ հաշմանդամության կարգերը տրվել են մարդկանց, կար սահմանված ժամկետ, որից հետո մարդիկ պետք է անցնեն փորձաքննություն։ Ըստ էության, հաշմանդամության կարգը չի տրվում քաղաքական որոշման արդյունքում։ Կան հիվանդության կարգեր, որոնք հաստատվում են առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից»,- նշեց Նարեկ Մկրտչյանը։
Սոցապ նախարարն անդրադարձավ նաև գնաճին և այդ համատեքստում խոսեց աղքատության խորացումից։
Ըստ Նարեկ Մկրտչյանի, եթե խոսում են գնաճից, ապա դրանից չպետք է խոսեն միայն Հայաստանի համատեքստում, քանի որ այն գլոբալ երևույթ է։
«Այս գնաճը շարունակվելու է 2023 թվականից հետո։ Մեր նախարարությունն ուղիղ գործիքակազմ չունի և երբեք չի էլ ունեցել գնաճը զսպելու համար։ Այսինքն՝ մենք կարող ենք առաջարկել բարձրացնել թոշակներ, նպաստներ, որպեսզի մարդիկ կարողանան մոտենալ սպառողական զամբյուղին, իրենց խնդիրները կարողանան լուծել։ Սակայն սա ոչ թե գնաճի տրամաբանությամբ մենք պետք է վազենք, որ հասնենք դրա հետևից, այլ մեր ֆինանսատնտեսական ցուցանիշները մեզ պետք է թույլ տան, որպեսզի կարողանանք դրանց անդրադառնալ։ Այս հարցի հասցեատերն ավելի շատ Կենտրոնական բանկն է, ոչ թե ես»,- հավելեց նախարարը։
Նա ընդգծեց, որ գնաճի մեխանիզմները սահմանում է Կենտրոնական բանկը և տեղյակ է, որ ԿԲ-ն քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ։