Եռամսյա հավաքների միջոցով իշխանությունը մարտական հերթապահության ապահովման խնդի՞ր է լուծում

Եռամսյա վարժական հավաքներն իրականացվում են միայն մարտական հերթապահությանն ընդգրկելու համար, որովհետև կա անձնակազմի խնդիր. ՀՀ պետական սահմանը կամ առաջնագիծը երկարել է, և մեր ունեցած միջոցներով և ուժերով չենք կարողանում իրականացնել մարտական հերթապահություն:

«Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանը նշեց պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը:

«Խնդիրն այն է, որ այս վարժական հավաքներին ընդգրկվում են թիրախավորված մարդիկ»,- շեշտեց նա՝ հիշեցնելով, որ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեռևս միտինգային ակտիվ ժամանակաշրջանում կոնկրետ հրահանգ էր տվել համապատասխան մարմիններին, որը կատարվում է, և, որ նախորդ հավաքների ժամանակ նման բան չի եղել:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը՝ հավաքագրել ընդդիմության քաղաքական միջոցառումներին և ակցիաներին մասնակցող քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որը, նրա խոսքով, կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։

«Հավելեմ, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում»,- եզրափակել էր Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ դրանից հետո ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր ուղարկվեցին ընդդիմադիրներին, այդ թվում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն՝ Տարոն Մանուկյանին, որը կալանքի տակ է:

Տեսանյութեր

Լրահոս