
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների և հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերությունների, Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների և ծովով հացահատիկի արտահանման համար այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:
«Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների լույսի ներքո, ինչպես նաև Սև ծովով հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ստեղծումը», – ասվում է հայտարարության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում էրդողանը նշել է, որ հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու պլանի իրականացմանն ուղղված գործողությունները սկսելու ժամանակն է:
Էրդողանը Պուտինի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել Սիրիային անդրսահմանային մարդասիրական օգնության մեխանիզմի ընդլայնման կարևորության վրա։