Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ Մարգարա այդպես էլ չի գնացել, բնակիչները դժգոհում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին այցելել էր Արմավիրի մարզ, սակայն հետաքրքիր է, որ սահմանամերձ Մարգարայում այդպես էլ չի եղել: Այսպիսով, Թերթին հայտնի դարձավ, որ նա բնակիչների հետ հանդիպել է Երասխահունում, որտեղ ներկա են եղել նաեւ Մարգարայի բնակիչները:

Ինչպես հայտնի է, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող հատուկ բանագնացների վերջին հանդիպումից հետո նշվեց, թե կողմերը պայմանավորվել են բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների համար եւ վերականգնել Թուրքիայի հետ օդային փոխադրումները: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել Փաշինյանին՝ կապված ջրի թանկացման, մանկապարտեզի եւ, բնականաբար, սահմանազատման հարցերի մասին:

Հետաքրքիր է, որ այդպես էլ ՀՀ վարչապետը ներկաներին չի պարզաբանել, թե ինչ է նշանակում «երրորդ երկիր» ասվածը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնակիչները տարակուսած էին, թե չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հետ, որ երկրների ինչ քաղաքացիներ են օգտվելու իրենց գյուղամեջի ճանապարհից: Հավելենք, որ Վարդաշենից դեպի Մարգարա տանող ճանապարհն այս պահին քանդած է, առանց ճանապարհային նշանների է, եւ այն դարձել է անանցանելի: Գյուղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, թե հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է նաեւ ասֆալտապատման աշխատանքների մասին, որի վերաբերյալ եւս դեռ հստակ ոչինչ չի ասվել»։

Տեսանյութեր

Լրահոս