Twitter-ն առաջիկա օրերին դատական հայց կներկայացնի Իլոն Մասկի դեմ. Bloomberg
Ամերիկյան Twitter ընկերությունը, որին պատկանում է համանուն սոցցանցը, առաջիկա օրերին մտադիր է դատի տալ գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր ու գործադիր տնօրեն Իլոն Մասկին ընկերությունը 44 միլիարդ դոլարով ձեռք բերելու մտադրությունից հրաժարվելու պատճառով։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ իր աղբյուրներին հղումով։
Գործակալության տվյալներով՝ Twitter-ի ղեկավարությունն արդեն պայմանագիր է կնքել նյույորքյան Wachtell, Lipton, Rosen & Katz (WLRK) իրավաբանական ընկերության հետ, որն էլ ներկայացնելու է ընկերության շահերը դատարանում։ Սպասվում է, որ այս շաբաթվա սկզբին Twitter-ը համապատասխան դատական հայց կներկայացնի Դելավեր նահանգի դատարանում։
Հիշեցնենք, որ Մասկн օրեր առաջ Twitter ընկերությանը հայտնել է սոցցանցը գնելու գործարքը խզելու իր մտադրության մասին։ Այս մասին ասվում է Մասկի ներկայացուցչի՝ ընկերությանն ուղղված նամակում։
Փաստաթղթում նշված է, որ Մասկն օգտագործում է «միաձուլման պայմանագիրը խզելու և դրանով նախատեսվող գործարքից հրաժարվելու» իր իրավունքը։ Նշվում է նաև, որ նամակը պաշտոնական ծանուցում է հանդիսանում։
Այժմ Մասկը կարող է ստիպված լինել Twitter-ին 1 միլիարդ դոլարի չափով փոխհատուցում վճարել։
Twitter-ի տնօրենների խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորն իր հերթին հայտնել է, որ ընկերությունը մտադիր է դատական հայց ներկայացնել Մասկի դեմ։
«Twitter-ի ղեկավարությունը մտադիր է ավարտին հասցնել գործարքը պարոն Մասկի հետ համաձայնեցված գնով ու պայմաններով և նախատեսում է դատարան դիմել միաձուլման համաձայնագրի պահպանումն ապահովելու համար», – գրել է Թեյլորը թվիթերյան իր միկրոբլոգում։ Այս կերպ ընկերությունը մտադիր է այնուամենայնիվ վաճառել Twitter-ը՝ չնայած Մասկի մերժմանը։