«Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե որոնք են իր պարտականությունները». քահանա

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պահանջում է  դադարեցնել Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում ցանկացած գործունեություն, որը հակասում է օրենսդրությանը։

Իր տարածած հաղորդագրության մեջ ԿԳՄՍ նախարարությունը մասնավորապես նշում է. «2022 թ. փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի գրությամբ հիմնադրամին տեղեկացրել է, որ «…նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթները և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»։

Այս ամենից հետո «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարություն տարածեց, որում ասված է.

«Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար»:

168.am հետ զրույցում Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը խոսելով Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման մասին, նախ հիշեցրեց, որ Քրիստոսի արձանը տեղադրելու վերաբերյալ Մայր Աթոռը պաշտոնական հայտարարություն էր տարածել, որ այդ ազգային, եկեղեցական ավանդույթներին հարիր չէ։ Մայր Աթոռի այդ պաշտոնական տեսակետից հետո տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ամեն պատահական տեղերում խաչքարեր, խաչեր տեղադրելու մասին։ Սա՝ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանից ակնկալում են, որպեսզի նա ելույթ ունենա երկրի անվտանգային, տնտեսական խնդիրների վերաբերյալ։

«Նիկոլ Փաշինյանը մի տեսակ անկոռեկտ կերպով մխրճվում է եկեղեցական ոլորտի մեջ։ Եվ հետո երբ Մայր Աթոռն արդեն պաշտոնական հայտարարություն է տարածել, որ արձանի տեղադրումը հարիր չէ մեր եկեղեցական ավանդույթներին, չգիտես՝ ինչու, նա բարեհաճ վերաբերմունք է ցուցաբերում ընդդիմադիր մի քաղաքական գործչի՝ Քրիստոսի արձանը տեղադրելու գաղափարին, որն իր հրաժարականն է պահանջել։ Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հաճոյանալ պարոն Ծառուկյանին, թող իր  հրաժարականով հաճոյանա, այլ ոչ թե եկեղեցուն վերաբերվող հարցերով՝ հակաեղեկացական քայլեր անելով»,- հավելեց քահանան։

Նրա կարծիքով՝ ավելի տեղին ու ճիշտ կլիներ, եթե արձանի վրա ծախսվող գումարները ծախսվեին սահմանին ինժեներական աշխատանքներ կատարելու վրա՝ զինվորների ու բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

«Այսօր մեր ազգը գոյության խնդիր ունի, հետևաբար, կարծում եմ՝ այդ գումարները պետք է ծախսվեն հակաօդային պաշտպանության, սահմանների անվտանգության համար։

Մտածում են, թե դրանով տուրիզմ կզարգացնեն, եթե իրենց խելքին չի հասնում, թե ինչպես պետք է զարգացնեն տուրիզմը, ապա կարող են միջազգային փորձը կիրառեն՝ սրբավայրերի, կամուրջների, ամրոցների վերականգնման ու պահպանման, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Այս ոլորտում լուրջ անելիքներ կան, այսինքն՝ սրանք խնդիրներ են։ Այս խնդիրները լուծելու փոխարեն, մի քանի մետրանոց արձան են կանգնեցնում, ընդ որում՝ մի քանի հազար տարվա պատմություն ունեցող հնավայրն ավերելով։ Սա նույնն է, որ ինչ-որ մեկը գնա Կարմիր բլուրում կամ Մեծամորի հնարավայրում որևէ բան կառուցի։ Գիտե՞ք՝ ցավալին որն է, որ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մի բան է ասում, ԿԳՄՍ նախարարությունը՝ մեկ այլ բան՝ հայտարարելով, թե լրատվամիջոցներից է տեղեկանում, մինչդեռ բլրի գագաթին արդեն լուրջ շինարարական աշխատանքներ են կատարել»,- շեշտեց տեր Վրթանես Բաղալյանը։

Քահանայի խոսքով՝ եթե կառավարությունն ուզում է հաջողել, ապա այլ ոլորտներում ինքնահաստատվելու փոխարեն, պետք է երկրի տնտեսության, անվտանգության հարցերով զբաղվի, քանի որ այսօր բնակչությունը կառավարությունից ակնկալում է անվտանգային երաշխիքներ։ Այս իրավիճակում՝ տեսնելով, թե թշնամին ինչ շինարարական աշխատանքներ է իրականացնում Արցախի օկուպացված տարածքներում, ցանկանում է, որ Հայաստանի կառավարությունը գոնե մնացած տարածքներն անվտանգ պահի։

«Նիկոլ Փաշինանն այս տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե որոնք են իր պարտականությունները, թող ինքը զբաղվի իր պարտականությունների շրջանակներում եղած աշխատանքներով։ Ցավոք, իր աշխատանքը թողած, ընդդիմադիր լրագրողի կեցվածքով անպատասխանատու հայտարարություններ է անում, որը սազական չէ երկրի ղեկավարին։ Մենք քահանա լինելուց զատ, ՀՀ քաղաքացիներ ենք և երբեմն ամաչում ենք իր անլուրջ հայտարարություններից։ Իր ի՞նչ գործն է՝ անդրադառնա բլուրների վրա խաչերին ու խաչքարերին»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս