
«Հաշվի առնելով 4.4 մագնիտուդով երկրաշարժի ուժը, կարող են լինել նոր ցնցումներ, որոնց մի մասը կզգացվի բնակչության կողմից»․ ԱԻՆ

Արդեն հայտնել ենք, որ ս.թ. հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից ոչ հեռու, տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Այս սեյսմիկ ցնցմանը նախորդել են ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ համալիր մոնիթորինգի դիտացանցի տվյալների անոմալ դրսևորումներ, որոնք բնութագրում են երկրակեղևի լարվածա-դեֆորմացիոն վիճակը և որոնք կուտակվել են ՀՀ տարածքի հյուսիս-արևմտյան հատվածում` Բավրա գյուղի շրջակայքում: Մեծ է հավանականությունը, որ տարբեր պարամետրերի անոմալ դրսևորումները ռեալիզացվել են նշված երկրաշարժի և նրա բազմաթիվ հետցնցումների ձևով:
Հիմնվելով այն տեղեկատվության վրա, որ վերը նշված անոմալ դրսևորումների քանակը ՀՀ տարածքում ընդհանուր առմամբ նվազել է, իսկ անոմալիաների ինտենսիվությունը` թուլացել, նաև այն փաստի վրա, որ վերը նշված 4.4 մագնիտուդով երկրաշարժին հետևած բոլոր ցնցումներն այս պահի դրությամբ ավելի թույլ են, քան նշված ցնցումը, ենթադրում ենք, որ տեղի է ունենում երկրակեղևում կուտակված լարումների աստիճանական թուլացում: Սա էլ նշանակում է, որ անհանգստանալու և առավել ևս խուճապի մատնվելու հիմքեր չկան:
Հարկ է նշել, որ հաշվի առնելով 4.4 մագնիտուդով երկրաշարժի ուժը, կարող են լինել նոր ցնցումներ, որոնց մի մասը կզգացվի բնակչության կողմից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն