Շվեդիան պատրաստվում է Թուրքիային արտահանձնել 10 ենթադրյալ PKK-ականի
Մադրիդում հուշագրի ստորագրումից հետո Շվեդիան 10 հոգուց բաղկացած ցուցակ է պատրաստել՝ Անկարային արտահանձնելու համար, որոնք ըստ թուրքական կողմի՝ կապ ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ իրենք Շվեդիային և Ֆինլանդիային գրավոր պահանջ են ուղարկել՝ PKK-ի և գյուլենական համայնքի 33 ենթադրյալ անդամներին արտահանձնելու վերաբերյալ:
Վերջերս Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան 10 կետանոց եռակողմ հուշագիր են ստորագրել, ինչի արդյունքում պաշտոնական Անկարան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում զգուշացրել էր, որ եթե եռակողմ հուշագրի դրույթները չիրականացվեն, ապա սկանդինավյան երկու երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհայտվի հարցականի տակ, քանի որ Թուրքիան կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը։ Եռակողմ հուշագիրը բաղկացած էր 10 կետից: