Հայաստանում արդեն կատարվել է առաջին դասարանցիների 21.000 հայտագրում
Հայաստանում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն անցկացվում է առանց խնդիրների ու խոչընդոտների: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ համակարգն անխափան աշխատել է: Առաջին դասարանցիների հայտագրման ընդհանուր գործընթացը մեկնարկել է հունիսի 21-ին, անցկացվում է երեք փուլով: Հունիսի 21-ից հայտագրումը բաց է բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր ունեն որոշակի արտոնություններ։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող նույն հաստատությունում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու կամ ծնողի աշխատելու հանգամանքը։
Երկրորդ փուլն անցկացվում է հուլիսի 6-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն իրականացվում է ընդհանուր հիմունքներով, հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական հաստատությունների դիմորդների համար և բաց կլինի Հայաստանի Հանրապետության բոլոր առաջին դասարանցիների ծնողների համար։
«Հուլիսի 12-ից հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում: Ասեմ, որ այս տարի որոշ փոփոխություններ ենք իրականացրել: Նախ առանձնացրել ենք ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրելու էջը: Դրանից բացի, ընդհանուր հայտագրումների գործիքակազմն ենք դյուրացրել, որ ծնողների համար դյուրին լինի»,-ասաց Արտակ Պողոսյանը:
Հայտագրման հարթակները բաց կլինեն ամբողջ տարվա ընթացքում: Հարթակները հասանելի են նաև երկրից դուրս: Այսինքն, եթե ինչ-ինչ պատճառներով ծնողները գտնվում են Հայաստանից դուրս, միևնույն է կարող են կատարել հայտագրումը: Հունիսի 21-ից մինչ օրս կատարվել է առաջին դասարանցիների 21 հազար հայտագրում:
Արտակ Պողոսյանն ընդգծեց, որ հայտագրելուց հետո պետք է ծնողները գնան դպրոց և դիմում գրեն տնօրենի անունով՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը: Դա պետք է անել մինչև սեպտեմբերի 5-ը: Եթե նշված ժամկետում դա չարվի, ապա այդ հայտերը կչեղարկվեն:
Առաջին դասարանցիների ընդունելության գործընթացն առցանց, էլեկտրոնային տարբերակով կազմակերպելը տալիս է իր դրական արդյունքները: Արտակ Պողոսյանը նշեց, որ այն խնդիրը, որ դրված է եղել ի սկզբանե, կատարվել է: Մասնավորապես, երեխաներին դպրոցներում տեղավորելու գործում նվազել են կոռուպցիոն ռիսկերը:
«Մենք կարողացանք հասնել նրան, որ ծնողները հավասար պայմաններով հայտագրում են: Իրականում նրանք կարող են տեսնել, թե որ դպրոցում քանի տեղ կա, կարիք չունեն որևէ պաշտոնիայի խնդրել երեխային դպրոցում տեղավորելու համար: Մյուս նպատակը դպրոցների ծանրաբեռնվածությունը հավասարապես բաշխելն էր: Հիմա տեսնում ենք, որ ժամանակին թերբեռնված դպրոցներում հիմա շարժը մեծացել է»,-հավելեց Արտակ Պողոսյանը: