Ավետիք Չալաբյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են. ԿԲ-ն աշխատանքից ազատել է նրա եղբորը
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Նիկոլ Փաշինյանի կողմից «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի եղբորը՝ ՀՀ կենտրոնական բանկի գործադիր կոմիտեի անդամ Արա Չալաբյանին ազատման դիմում գրելու պահանջ է փոխանցել։ Այս մասին գրում է oragir.am-ը։
Արա Չալաբյանը 2020 հուլիսից ղեկավարում է ՀՀ ԿԲ Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտը, սակայն ԿԲ-ում սկսել է աշխատել դեռ 2010 թ-ից։ Հատկանշական է, որ թեև Կենտրոնական բանկը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված նպատակներն ու գործառույթներն իրականացնելիս անկախ է ՀՀ մարմիններից, այդուհանդերձ, ԿԲ նախագահը Չալաբյանին հայտնել է, որ պահանջը Նիկոլ Փաշինյանի անունից է։ Հավելենք, որ 2008 թ․ մարտի 1-ի դեպքերից հետո Մարտին Գալստյանը աշխատանքի էր ներկայանում կոտրված թևով։
Հայտնի էր, որ նա մասնակցում էր ընդդիմության բողոքի ակցիաներին, սակայն այն ժամանակ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը աշխատանքից ազատվելու պահանջ չէր ներկայացրել, ավելին՝ չնայած ակտիվ ընդդիմադիր գործունեությանը՝ նա մարտի 1-ի դեպքերից հետո որևէ քրեական գործում ներգրավված չէր։