Դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը. փորձաքննությունը կորոշի՝ Աղվան Հովսեփյանի հիվանդությունն արդյո՞ք համատեղելի է կալանքի հետ
Երեկ 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանական թիմի անդամ Էրիկ Ալեքսանյանն ասել էր, որ այսօր Աղվան Հովսեփյանի գործով նշանակված դատական նիստի ժամանակ իրենք միջնորդելու են վերջինիս նկատմամբ հանձնաժողովային փորձաքննություն իրականացնել, որպեսզի որոշվի՝ արդյո՞ք Աղվան Հովսեփյանի հիվանդությունը համատեղելի է կալանքի հետ, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ ըստ պաշտպանի՝ նախկին գլխավոր դատախազի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի 2-րդ տիպ, ինսուլինակախյալ, որը զուգորդված է պոլինևրոպատիայով: Աղվան Հովսեփյանը երկար տարիներ է տառապում շաքարային դիաբետով, և այս պահին հիվանդությունը նրա մոտ ունի ծանր ընթացք:
Պաշտպանը նաև ասել էր, որ պոլինևրոպատիան նման հիվանդության զուգորդումով համապատասխանում է կառավարության համապատասխան որոշմանը, որում նախատեսված է այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ:
Քիչ առաջ դատարանը բավարարեց Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը՝ նախկին գլխավոր դատախազի նկատմամբ հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, ու հիմա կձևավորվի համապատասխան բժիշկ-մասնագետներից կազմված հանձնաժողով, որն էլ եզրակացություն կտա՝ արդյո՞ք Աղվան Հովսեփյանի կալանքը համատեղելի է իր ունեցած հիվանդությունների հետ, թե՞ ոչ:
168.am-ի հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դատախազը չի առարկել իրենց միջնորդության դեմ:



