ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մուհամեդ Բարքինդոյի ժամկետը լրանում էր հուլիսի վերջին
ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարքինդոն, որի մահվան մասին հուլիսի 6-ին հայտնել է Նիգերիայի պետական ազգային նավթընկերության կառավարիչ տնօրեն Մելե Կյարին, ավարտել էր կազմակերպության ղեկավարի պաշտոնավարումը. նրա լիազորությունների ժամետը լրանում էր 2022 թվականի հուլիսի վերջին:
Ինչպես հայտնել է Նիգերիայի պետական նավթընկերության ղեկավարը, Բարքինդոն մահացել է անցյալ գիշեր, մահվան պատճառը չի հաղորդվում: Մահվանից ոչ շատ առաջ ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարը Նիգերիայում հանդես է եկել միջազգային էներգետիկական խորհրդաժողովում, իսկ այնուհետեւ հանդիպել է երկրի նախագահ Մուհամադու Բուհարիի հետ:
Հունվարի սկզբին ՕՊԷՔ-ի երկրների նախարարները կազմակերպության նոր գլխավոր քարտուղար են ընտրել Քուվեյթի ներկայացուցիչ Հայսամ ալ Գայսին: Նա պետք է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնի 2022 թվականի օգոստոսի 1-ին: Ալ Գայսն ՕՊԷՔ-ում Քուվեյթի պատվիրակությունը գլխավորել է 2017 թվականից մինչեւ 2021 թվականը: Նրա թեկնածությունը ցուցակում եղել է միակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



