
Եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումներն ապաշրջափակման հարցում. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգման շուրջ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
Նա նշել է, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով փոխվարչապետերի նախագահությամբ աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում շարունակվում է:
«Եռակողմ աշխատանքային խմբի՝ Մոսկվայում հունիսի 3-ին կայացած 10-րդ հանդիպմանը, ինչպես նաև Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում շփումներում որոշակի առաջընթաց է գրանցվել, հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման տարբեր ասպեկտների հարցով: Ինչպես հայտնի է՝ եռակողմ աշխատանքային խմբում քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային կապերի բացման հարցը՝ ի շահ Հայաստանի, Ադրբեջանի և նրանց հարևանների»,-ասել է Զայցևը:
Նա հավելել է, որ հստակ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում համանախագահներն իրենք այդ մասին առանձին կտեղեկացնեն լրատվամիջոցներին: